28
10, 2010

Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել «Հանրապետության նախագահի մրցանակ»-ի հիմնման 10-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի նկարիչների միություն, որտեղ «Հանրապետության նախագահի մրցանակ»-ի հիմնման 10-ամյակի կապակցությամբ բացվել է ցուցահանդես: Ներկայացվել են կերպարվեստի բնագավառում անցած տասը տարիներին Նախագահի մրցանակին արժանացած աշխատանքները:

«Հանրապետության Նախագահի մրցանակ»-ն ամենամյա է և նպատակ ունի արժանիորեն գնահատելու և խրախուսելու մշակույթի, գիտության ոլորտի երիտասարդ ու ավագ սերնդի հայ գործիչներին, ովքեր նշանակալի ներդրում են ունեցել այդ ոլորտներում: Ցուցահանդեսի շրջանակներում մրցանակակիրները նաև հնարավորություն կունենան վաճառել ներկայացված աշխատանքները:

Մինչ օրս «Հանրապետության նախագահի մրցանակ»-ի է արժանացել ամենատարբեր մասնագիտությունների տեր 161 անհատ` բնական, հումանիտար, տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների, ֆիզիկայի, բժշկագիտության, արվեստի, գրականության, դասական երաժշտության և այլ ոլորտներում: Մրցանակի հիմնումից ի վեր, ոլորտների թիվն աճել է` հինգից հասնելով տասներկուսի: ՀՀ Նախագահի հրամանագրով հիմնված մրցանակների մաս կազմող դրամական պարգևները հատկացնում է «Պողոսյան» հիմնադրամը` հանձին Ժան և Ալբերտ Պողոսյանների:

Հայաստանի նկարիչների միությունում վերոնշյալ միջոցառումը նախաձեռնել է մրցանակաբաշխության կազմակերպման գործընթացն իրականացնող «Հայաստան» համահայկական հիմնադրամը:

← Վերադառնալ