23
10, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Շիրակի մարզ

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ:

Հանրապետության ղեկավարը եղել է Ախուրյանի տարածաշրջանում կառուցված շաքարի գործարանում: Նախագահը շրջայց է կատարել նորաբաց գործարանի արտադրամասերում, ծանոթացել կատարված աշխատանքներին, առկա խնդիրների և զարգացման ծրագրերի մասին զրուցել գործարանի ղեկավարության ու աշխատակիցների հետ:

2006 թվականից Ախուրյանի տարածաշրջանի Արևիկի նախկին բազայի տարածքում շաքարի գործարանի կառուցումը նպատակ ունի Հայաստանում վերականգնել շաքարի արտադրությունը` մարզերում խթանելով նաև ճակնդեղագործությունը, այդպիսով նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը ևս: Դեռևս 2008թ. այդ նպատակով Կառավարությունը հաստատել է «ՀՀ-ում ճակնդեղագործության զարգացման հայեցակարգը», որից հետո Գյուղատնտեսության նախարարությունը Շիրակի և Լոռու մարզպետարանների հետ միասին աշխատանքներ է իրականացրել արդեն իսկ 2010թ. հիշյալ երկու մարզում շաքարի ճակնդեղի մշակությունը վերականգնելու ուղղությամբ:

Նախագահ Սարգսյանին ներկայացրել են, որ առ այսօր կատարվել է շուրջ 102 մլն. ԱՄՆ դոլարի ներդրում, գործարկվել է ներկրվող հումքով աշխատող սխեման: Մինչ օրս ներկրվել է 17.0 հազ. տոննա կիսաֆաբրիկատ հումք, որը վերամշակելով ստացվել է սպիտակ շաքար: Արտադրված շաքարը համապատասխանում է եվրոպական չափանիշներին: Հայաստանում աճեցված շաքարի ճակնդեղի վերամշակման սխեման ավարտին հասցնելու համար, մնացել են գործարկման և կարգավորման աշխատանքները, որոնք կիրականացվեն բերքահավաքից հետո:

Շաքարի գործարանում շրջայցից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ կատարված աշխատանքը շատ տպավորիչ է, և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած այս գործարանը մի քանի խնդիրներ է լուծելու: Նախ` այս տարածաշրջանում ապահովելու է 1000 աշխատատեղ: Հիմա արդեն աշխատում է 700 հոգի: Երկրորդ` գործարանն այս համայնքների համար լոկոմոտիվի դեր է կատարելու, որովհետև գործարանն ի վիճակի է վերամշակելու տեղում արտադրած ճակնդեղը: Եւ երրորդ կարևորագույն խնդիրը, որ լուծում է Ախուրյանի շաքարի գործարանը` ներմուծման կրճատման և արտահանման ավելացման քաղաքականության կենսագործումն է: «Կարճ ժամանակ հետո, Հայաստան, կարծում եմ, ընդհանրապես, շաքար չի ներմուծվելու, որովհետև այս գործարանի շաքարի որակը բավականաչափ բարձր է լինելու և ավելի էժան է լինելու, քան արտերկրում արտադրված շաքարը»-ասել է Հանրապետության ղեկավարը:

Շիրակի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության ղեկավարը ներկա է եղել նաև Գյումրիի բժշկական կենտրոնի հիմնարկեքի արարողությանը:

Քաղաքի հիվանդանոցային համակարգի արդիականացման ծրագրի շրջանակներում Գյումրիի նոր բժշկական կենտրոնի կառուցումն ուղղված է հիվանդանոցային հաստատությունների կողմից մատուցված ծառայությունների արդյունավետության աճին, հիվանդանոցային ծառայությունների որակի և մատչելիության բարելավմանը: Այն իրականացվում է ՀԲ-ի «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակներում:

Ծրագրի համաձայն, որոշվել է միավորել Շիրակի մարզային, Սամարիթեր և Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցները և Գյումրի քաղաքում ստեղծել մեծահասակների մեկ բազմապրոֆիլ հիվանդանոց՝ 200 մահճակալ հզորությամբ Գյումրիի նոր բժշկական կենտրոն: Այդ նպատակով, կառավարության որոշմամբ Գյումրիի ավստրիական մանկական հիվանդանոցի ներկա շենքին կից կկառուցվի նոր եռահարկ մասնաշենք և այնտեղ կտեղակայվեն նշված երեք հիվանդանոցների թերապևտիկ և վիրաբուժական ծառայությունները: Այսպիսով` Գյումրիի թե՛ մանկական, թե՛ մեծահասակների հիվանդանոցային բազմապրոֆիլ ծառայությունները տեղակայված կլինեն իրար մոտ, մեկ վայրում` ապահովելով առավելագույն մատչելիություն ծառայություններից օգտվող բնակչության համար:

Նախագահ Սերժ Սարգսյանը բժշկական կենտրոնի շինհրապարակից մեկնել է Շիրակի մարզպետարան, որտեղ խորհրդակցություն է անցկացրել մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների շուրջ:

Այնուհետև Երկրի ղեկավարն այցելել է Գյումրիի «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցու հարևանությամբ ստեղծված «Խաչքարերի պուրակ», դիտել Ջուղայում ավերված խաչքարերի կրկնօրինակները, որոնք ստեղծվել են քաղաքի քանդակագործների կողմից` իբրև յուրօրինակ բողոք ընդդեմ ադրբեջանցիների կողմից Ջուղայում իրագործված մշակութային եղեռնի: Նախագահին ներկայացրել են, որ հետագայում պուրակում տեղադրվելու է ավելի քան հարյուր խաչքար:

Սերժ Սարգսյանը Գյումրիի Վարդանանց հրապարակում մասնակցել է նաև «Քաղաքի օր» տոնակատարությանը:

2003 թվականից ավանդական դարձած այս տոնակատարության ժամանակ, որ նշվում է ամեն տարի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, Գյումրին մեծարում է իր լավագույն հայրենակիցներին` պարգևատրելով նրանց «Վարպետ»-ի ոսկյա կրծքանշանով, «Պատվավոր քաղաքացի» և այլ պատվավոր կոչումներով:

Շիրակի մարզ աշխատանքային այցը Նախագահ Սերժ Սարգսյանն ավարտել է Գյումրիի քաղաքապետարանի նորակառույց վարչական շենք այցելությամբ: Նախագահը ծանոթացել է իրականացված աշխատանքին և աշխատակիցների համար ստեղծված պայմաններին:



← Վերադառնալ