23
07, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում ներկա է գտնվել "Լավագույն մարզական ընտանիք" մրցույթի եզրափակիչ փուլին

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ներկա է գտնվել ՀՀ Նախագահի մրցանակի համար անցկացվող "Լավագույն մարզական ընտանիք" ամենամյա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլին:

Հանրապետության ղեկավարը շնորհավորել եւ մրցանակներ ու վկայագրեր է հանձնել հաղթողներին:

Մրցույթի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է. “Ցանկանում եմ, որ միշտ լինեք այսքան առողջ, առույգ, ճարպիկ եւ ուժեղ: Տպավորություն ունեմ, որ բոլորին թվում է`իրենք են հաղթել: Սա շատ լավ մթնոլորտ է: Այսպիսի միջավայրում մեծացած երեխաները ճիշտ մանկություն են ունենում եւ, որպես կանոն, այսպիսի ընտանիքներում մեծացած երեխաները դառնում են հասարակության արժանի անդամներ: Եթե մենք ասում ենք, որ մեր գլխավոր հարստությունը մարդն է` առաջին հերթին մենք պետք է աշխատենք, որ այդ մարդը լինի առողջ: Առողջ մարդը միշտ էլ ունակ է հաղթանակների ու պայքարի, առողջ մարդը միշտ ունակ է հասնելու հաջողությունների: Ցանկանում եմ, որ Հայաստանում ամեն տարի շատանան մարզական ընտանիքները, որ տեսանելի ապագայում մենք խոսենք ոչ թե հարյուրավոր ընտանիքների մասին, այլ` հազարավոր, որովհետեւ առողջ միջավայրում միշտ ծնվում է առողջ միտք: Շնորհավորում եմ եւ մաղթում ձեզ` հաջողություններ”:

Մրցույթի կազմակերպիչները ՀՀ Նախագահին տեղեկացրել են, որ այս տարի “Լավագույն մարզական ընտանիք” մրցույթին մասնակցողների թիվը կրկնակի ավելացել է: Մրցույթն անցկացվել է երկու տարիքային խմբով: Այս նոր ձեւը, կազմակերպիչների հավաստմամբ, զգալիորեն մեծացրել է առողջ ապրելակերպի եւ ամենամյա մրցույթին մասնակցության նկատմամբ ընտանիքների հետաքրքրությունն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ ՀՀ մարզերում եւ ԼՂՀ-ում:

Հաղթող ընտանիքներն ստացել են վկայագրեր եւ դրամական պարգեւներ:

Նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում այցելել է նաեւ նորակառույց “Ռոսիա” հյուրանոցային համալիր, որի կառուցման համար ներդրվել է ավելի քան 1 մլրդ դրամ: Հանրապետության ղեկավարը ծանոթացել է միջազգային չափանիշներին համապատասխանող այդ համալիրի պայմաններին:

← Վերադառնալ