29
06, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Արմավիրի մարզ

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ

Նախագահը մասնակցել է Արմավիրի հիմնանորոգված բժշկական կենտրոնի հիմնական մասնաշենքի բացման արարողությանը, ծանոթացել առողջապահական այդ հաստատության շենքային եւ լաբորատոր պայմաններին: Կենտրոնի արդիականացումն իրականացվել է ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի համագործակցության արդյունքում` Համաշխարհային բանկի “Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ” վարկային ծրագրի շրջանակում եւ թելադրված է ՀՀ առողջապահական համակարգի օպտիմալացման ռազմավարությամբ, որի նպատակը բժշկական հիմնարկների գործունեության արդյունավետության եւ որակի բարձրացումն է:

Հանրապետության ղեկավարն այցելել է նաեւ Արմավիր քաղաքի վերանորոգված մանկապատանեկան շախմատի դպրոց: Նա շրջել է դպրոցում, դիտել` այնտեղ անցկացվող շախմատի մրցաշարը:

Այնուհետեւ, Նախագահ Սերժ Սարգսյանն Արմավիրի մարզպետարանում մարզի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները քննարկել է մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ:

Աշխատանքային այցի շրջանակներում, Նախագահը եղել է նաեւ Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում, որտեղ մասնակցել է “Հիսուսի մանուկներ” առողջության կենտրոնի բացման արարողությանը: Նորակառույցն օրհնել է Ն.Ս.Օ.Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Կենտրոնի շենքի հիմնանորոգումն իրականացվել է “Փակումեան ընտանիք” բարեգործական հիմնադրամի եւ մի շարք բարերարների աջակցությամբ: Շրջայցի ժամանակ հիմնադրամի հիմնադիր եւ խորհրդի ատենապետ Կարո Արմենն ու բարերար Ջորջ Փակումեանը ՀՀ Նախագահին ներկայացրել են համայնքի միջնակարգ դպրոցի վերանորոգման եւ “Հայաստանի մանուկներ” հիմնադրամի` առողջապահության, կրթության, ենթակառուցվածքների բարելավման ոլորտներն ընդգրկող եւ տնտեսական զարգացմանն ու սոցիալական խնդիրների լուծմանը միտված մյուս ծրագրերը:

“Շատ ուրախ եմ, որ այստեղ` այս համայնքում, գործունեություն է ծավալել հայրենասերների մի խումբ, որոնց նպատակը միայն ու միայն բարություն անելն ու իրենց հայրենակիցների հոգսերը թեթեւացնելն է: Ես պարոն Կարո Արմենին ճանաչում եմ գրեթե վեց տարի, եւ այդ տարիների ընթացքում այս մարդու եռանդը չի նվազել, ընդհակառակը` համախոհներ է ձեռք բերել եւ նոր բարի գործեր է կատարել”, - ասել է Սերժ Սարգսյանը` Կարո Արմենին հանձնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր: Հանրապետության ղեկավարի խոսքով, աշխարհում սփռված բոլոր հայերը պետք է վստահ լինեն, որ Հայաստանում նրանց համար միշտ տեղ կա թե' ապրելու ու գործելու, թե' բարեգործություն անելու համար:

“Հայաստանի մանուկներ” հիմնադրամի ատենապետ Կարո Արմենն իր համար մեծ պատիվ է համարել Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելն ու նշել, որ առանձնահատուկ հպարտություն է` անձնագիրն ստանալ անձամբ Հայաստանի Հանրապետության Նախագահից: Կարո Արմենի հավաստմամբ, սփյուռքահայերի համար ամենամեծ հպարտությունն առաջին հերթին իրենց ազգային պատկանելիությունն է:

Ակնառու հայրենանվեր գործունեություն ծավալելու, բարեգործական մի շարք ծրագրեր իրականացնելու եւ այդ բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար, մեկ այլ բարերար` Ջորջ Փակումեանը, “Հիսուսի մանուկներ” առողջության կենտրոնի բացման արարողության ժամանակ, պարգեւատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

← Վերադառնալ