25
09, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Արարատի եւ Արմավիրի մարզեր

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արարատի եւ Արմավիրի մարզեր:

Նախագահը եղել է Երեւանի կոնյակի գործարանի` Այգավան գյուղում գտնվող մասնաճյուղում, "Մասիս Տոբակո" ընկերությունում, "ՄԱՊ" գինու-կոնյակի գործարանում, որտեղ ծանոթացել է հումքի մթերման եւ արտադրական գործընթացներին:

Այգավանում Նախագահը նաեւ զրուցել է խաղող հանձնող գյուղացիների հետ, լսել բերքի իրացման հետ կապված նրանց խնդիրներն ու մտահոգությունները:

Այնուհետեւ երկրի ղեկավարն Արմավիրի մարզպետարանում խաղողի մթերման գործընթացի եւ դրանում առկա խնդիրների շուրջ խորհրդակցություն է անցկացրել տարածքային կառավարման նախարարի, գյուղնախարարի, մի շարք մարզերի մարզպետների, վերամշակող ձեռնարկությունների ղեկավարների մասնակցությամբ:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ մթերման գործընթացում առաջացած խնդիրները պետք է լուծվեն գյուղացի-վերամշակող կազմակերպություն հարաբերություններում վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն: "Այդ հարաբերություններում պետությունը կանգնած է լինելու գյուղացու կողքին: Մենք աճեցված բերքն ամբողջովին մթերելու խնդիր ունենք: Բոլոր այն մթերողները, ովքեր գյուղացիների հետ պայմանագրեր են կնքել, պետք է միանշանակ կատարեն իրենց պայմանագրային պարտավորությունները: Ճիշտ է, այս տարվա բերքը քիչ ավելի է անցյալ տարվանից, բացի այդ, գարնանը կամ նախորդ տարիներին ոչ բոլոր խաղողագործների հետ են պայմանագրեր կնքվել, սակայն, այս ամենով հանդերձ, պետք է հնարավորություններ գտնել` մթերելու նաեւ բերքի այդ մասը",-ասել է Նախագահը:

Սերժ Սարգսյանը կոչ է արել մթերող ձեռնարկությունների ղեկավարներին ֆինանսատնտեսական ճգնաժամը եւ դրա հետ կապված` պատրաստի արտադրանքի իրացման դժվարություններն առիթ չդարձնել գյուղացու բերքն ավելի ցածր գնով մթերելու համար: ՙԵս հասկանում եմ, որ ձեզ համար խնդիրներ են առաջացել շուկաների, շրջանառու միջոցների հետ կապված, բայց, մյուս կողմից էլ, պիտի հասկանանք այն մարդու վիճակը, ով ամբողջ տարին աշխատել է, խաղող աճեցրել եւ հիմա խնդիր ունի այն իրացնելու՚,- նշել է Նախագահը:

Սերժ Սարգսյանն ասել է, որ պատրաստի արտադրանքի իրացման փուլում պետությունը պարտավոր է կանգնել արտադրող ձեռնարկության կողքին`ապահովել բարենպաստ պայմաններ, օժանդակել նոր շուկաներ գտնելու գործում: Նախագահի խոսքով` գյուղնախարարության եւ մարզպետների աշխատանքի արդյունավետությունը գնահատվելու է նաեւ այդ տեսանկյունից:

Երկրի ղեկավարն անդրադարձել է նաեւ հայկական կոնյակի վարկն արտահանման շուկաներում պահպանելու խնդրին` ասելով, որ անորակ արտադրանք թողարկողները վտանգում են տասնամյակների համբավ ունեցող ապրանքանիշը` դրանից բխող հետեւանքներով: Այս հարցում Նախագահը կարեւորել է պետություն-մասնավոր հատված համագործակցությունը` առաջարկելով վերամշակողներին ստեղծել մի միություն եւ, որակի հսկման պետական մարմինների աշխատանքին զուգահեռ, նաեւ ինքնակազմակերպման միջոցով վերահսկել անբարեղիճ արտադրողներին:

Խորհրդակցության ավարտին Նախագահը հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին:

Նախագահ Սարգսյանն այցելել է նաեւ Արարատ քաղաք եւ ծաղկեպսակ դրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի նորակառույց հուշարձանին:

← Վերադառնալ