01
04, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Հայ և ասորի ժողովուրդների բարեկամությունն ունի պատմական խոր արմատներ: Հազարամյակների ընթացքում մեր ժողովուրդների միջև ձևավորված հարաբերությունները բնորոշվել են բարիդրացիությամբ և փոխադարձ հարգանքով:

Բնակվելով Հայաստանում՝ ասորիները պահպանել են իրենց ազգային ինքնությունը, ինքնատիպ ավանդույթներն ու հոգևոր արժեքները:

Մեր հասարակության անբաժանելի մասը կազմող ասորական համայնքը մշտապես վայելել է իշխանությունների և ժողովրդի բարյացակամ վերաբերմունքը՝ հավասարապես կիսելով երկրի առջև ծառացած դժվարությունները:

Բնության զարթոնքը խորհրդանշող այս տոնը թող ասորիների համար նշանավորվի հարատև խաղաղությամբ ու նորանոր ձեռքբերումներով»:
 

← Վերադառնալ