Շնորհավորական
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.
«Հայաստանի և Միացյալ Նահանգների ամուր գործընկերային հարաբերությունները մշտապես աչքի են ընկել փոխադարձ վստահությամբ և դրանք խորացնելու երկուստեք ցանկությամբ:
Բարձր ենք գնահատում ոչ միայն վերջին 30 տարիների ընթացքում Միացյալ Նահանգների կողմից տրամադրված մեծածավալ օգնությունը, այլև Ամերիկայի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանին և հայ ժողովրդին՝ ապրելու ավելի բարեկեցիկ և ժողովրդավարական հասարակությունում։
Անշուշտ, երկկողմ հարաբերությունների զարգացման գործում իր ուրույն ներդրումն ունի նաև Ամերիկայի հայ համայնքը, որը կամրջող դեր է կատարում երկու պետությունների և ժողովուրդների միջև:
Մեծապես կարևորում ենք Միացյալ Նահանգների կողմից այս օրերին ցուցաբերվող շարունակական աջակցությունն ու ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը»: