22
01, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ։

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ։ Թող այն առողջություն և ուրախություն բերի բոլոր ընտանիքներին։

Անցած տարի լրացավ Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Բարձր գնահատելով այդ տարիների ընթացքում փոխշահավետ համագործակցության արձանագրած արդյունքները՝ վերահաստատում եմ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային հարցերում գործընկերային կապերն ամրապնդելու և խորացնելու իմ պատրաստակամությունը։

Հավատացած եմ, որ համատեղ ջանքերով կզարգացնենք փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված երկկողմ հարաբերությունները՝ ի շահ մեր ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։

 

← Վերադառնալ