Շնորհավորական
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:
Նախագահի ուղերձում ասվում է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:
Դարերի պատմություն ունեցող մեր երկրների միջև հարաբերությունները վերջին երեք տասնամյակներին շարունակաբար զարգանում են՝ խարսխվելով ամուր բարիդրացիական կապերի, սերտ քաղաքական երկխոսության, ինչպես նաև առևտրատնտեսական և կրթամշակութային համագործակցության վրա:
Անչափ տպավորված եմ Վրաստան կատարած առաջին պաշտոնական այցիս ընթացքում մեր ջերմ հանդիպմամբ և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքերի փոխանակմամբ:
Համոզված եմ, որ այս հոբելյանը փոխշահավետ համագործակցության առավել խորացման և ընդլայնման նոր խթան կհանդիսանա՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»: