20
12, 2021

Հայաստանն ու Կատարը փոխգործակցության մեծ ներուժ ունեն. նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության Էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին՝ Կատարի Պետության Ազգային տոնի առթիվ:

Նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ և Կատարի բարեկամ ժողովրդին Կատարի Պետության Ազգային տոնի առթիվ:

Բարձր գնահատանքի են արժանի Ձեր առաջնորդությամբ տարբեր ոլորտներում Կատարի տպավորիչ հաջողությունները և ձեռքբերումները, երկրի բարձր հեղինակությունը միջազգային ասպարեզում:

Հիրավի, Կատարը սրընթաց արագությամբ զարգացող ապագայի պետություն է՝ հիմնված գիտելիքի, նորարարությունների և նորագույն տեխնոլոգիաների վրա:

Գոհունակությամբ ուզում եմ ընդգծել Հայաստանի և Կատարի միջպետական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը: Արժևորում եմ Ձեր անձնական ներդրումը երկկողմ գործակցության ամրապնդման և խորացման ուղղությամբ։

Վերահաստատում եմ մեր բարեկամ երկրների միջև փոխգործակցության մեծ ներուժը, հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման հեռանկարները հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտակրթական, նորարարության, ֆինանսաբանկային, էներգետիկայի, հանքարդյունաբերության, զբոսաշրջության, կլիմայական փոփոխությունների ոլորտներում։

Վստահ եմ, որ մեր պայմանավորվածությունների հետևողական իրագործման արդյունքում երկկողմ հեռանկարային համագործակցությունն առավել կզարգանա և կընդլայնվի»։

 

← Վերադառնալ