02
12, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Աբու Դաբիի Էմիրության թագաժառանգ, շեյխ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին՝ ԱՄԷ հիմնադրման 50-ամյակի առթիվ

Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադրման 50-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբու Դաբիի Էմիրության թագաժառանգ, երկրի զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ, շեյխ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին:

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Ջերմորեն շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադրման 50-րդ տարեդարձի առթիվ:

Անկախության հինգ տասնամյակները նշանավորվում են տպավորիչ ձեռքբերումներով և առաջընթացով, որոնք իրականություն են դարձել հմուտ կառավարման և անխոնջ աշխատանքի շնորհիվ։ Կրթության, գիտության և նորարարությունների վրա հիմնված Ձեր նախաձեռնություններն ու ծրագրերն, անկասկած, Միացյալ Էմիրություններին հաստատակամ քայլերով ուղղորդում են դեպի առավել բարեկեցիկ ապագա:

Բարձր եմ գնահատում Հայաստանի և Միացյալ Էմիրությունների դինամիկ զարգացող հարաբերությունները:

Առանձնահատուկ կարևորում եմ մեր հանդիպումներն ու շփումները, որոնք ավելի են խորացնում մեր ժողովուրդների բարեկամությունն ու միջպետական համագործակցությունը:

Համոզված եմ, որ պարբերաբար հանդիպումների և միասնական ջանքերի շնորհիվ առավել կընդլայնենք և կամրապնդենք երկկողմ գործակցությունը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն»:

 

← Վերադառնալ