Շնորհավորական
30 տարի առաջ Լիտվան առաջինն էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը. նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Լիտվայի նախագահ Նաուսեդան
Հայաստանի Անկախության 30-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան։
Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.
«30 տարի առաջ Լիտվան առաջինն էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Լիտվայի ժողովրդի և իմ անունից ցանկանում եմ ի սրտե շնորհավորել Ձեզ և բոլոր հայերին անկախության 30-րդ տարեդարձի առթիվ։ Մաղթում եմ Ձեր երկրին խաղաղություն և բարօրություն, իսկ Ձեր ժողովրդին՝ նաև շարունակական համախմբում, քաջառողջություն և հաջողություններ։
Այս տարին մեծ նշանակություն ունի մեր երկկողմ հարաբերությունների համար. 30 տարի առաջ մեր երկրները ճանաչեցին միմյանց անկախությունը, և այս տարի Լիտվան և Հայաստանը տոնում են դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը։
Մենք աջակցում ենք հայ ժողովրդի ձգտմանը՝ ապրելու խաղաղ, անվտանգ և կայուն ժողովրդավարության պայմաններում։ Լիահույս եմ, որ դուք ակտիվորեն առաջ կմղեք բարեփոխումները՝ հանուն Հայաստանի և Եվրամիության միջև հաջող և արդյունավետ համագործակցության։ Սա հատկապես կարևոր է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելով»։