11
03, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Աբու Դաբիի Էմիրության թագաժառանգ, շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանին՝ ծննդյան 60-ամյակի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄԷ Աբու Դաբիի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ, շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանին՝ ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ:

Նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Վերջին տարիներին հայ-էմիրաթական փոխհարաբերությունները թևակոխել են զարգացման նոր փուլ, որտեղ մեծ է Ձեր դերակատարությունը: Մեր երկրներն արդյունավետ համագործակցություն են ծավալում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ռազմարդյունաբերությունը, սննդի անվտանգությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, վերականգնվող էներգիան:

Մեծ է նաև Ձեր անձնական ներդրումը և առաջնորդությունը տարածաշրջանային անվտանգության և կայունության գործում: Հատուկ կարևորում եմ մեր միջև հաստատված բարեկամական հարաբերությունները: Հատկապես ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումներն ու մտերմիկ զրույցները, որոնք ավելի են ամրապնդում փոխադարձ վստահությունն ու առավել խորացնում մեր ժողովուրդների բարեկամությունն ու միջպետական համագործակ­ցությունը: Լիահույս եմ, որ մոտ ապագայում պատիվ կունենամ Ձեզ հյուրընկալելու Հայաստանում»:

Նախագահ Սարգսյանը քաջառողջություն և հաջողություններ է մաղթել շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանին:  

← Վերադառնալ