Շնորհավորական
Նախագահ Արմեն Սարգսյանը Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Խալիֆա բին Զայեդ ալ Նահյանին՝ երկրի Ազգային տոնի առթիվ:
Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Արաբական Միացյալ Էմիրությունների հետ բարեկամությունը։ Նա հույս է հայտնել, որ Հայաստանի և ԱՄԷ միջև առկա երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունն առավել կընդլայնվեն ու կամրապնդվեն՝ ի շահ երկու երկրի ժողովուրդների։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ ԱՄԷ բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել նաև Աբու Դաբի Էմիրության թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանին և ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի Էմիրության կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշեդ ալ Մաքթումին: