Շնորհավորական
Վստահ եմ, որ Հայաստանի և Արցախի համար այս դժվարին պահին բարեկամ Չեխիան կանգնած է մեր կողքին. Ազգային տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի նախագահին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին երկրի ազգային տոնի՝ Պետականության օրվա առթիվ:
Կարևորելով Չեխիայի հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացումը և բարձր գնահատելով երկու երկրների միջև ձևավորված փոխվստահությունը՝ նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել կառուցողական երկխոսությունը:
Հանրապետության նախագահն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ արդեն մեկ ամիս շարունակվող լայնածավալ ռազմական ագրեսիային և դրանում Թուրքիայի ներգրավվածությանը: «Բարձր ենք գնահատում հոկտեմբերին Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը երրորդ երկրների կառավարությունների ներգրավվածությունը և այլ տարածքներից անհատ զինյալների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխումը դատապարտող բանաձևը: Այսօր՝ Հայաստանի և Արցախի համար այս դժվարին պահին, երբ մեր ժողովուրդը մարտնչում է կյանքի, ազատության և հայրենի հողի համար, վստահ եմ, որ բարեկամ Չեխիան կանգնած է մեր կողքին»,- մասնավորապես ասվում է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում: