Շնորհավորական
Նախագահ Արմեն Սարգսյանը Միասնության օրվա առթիվ շնորհավորել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ երկրի ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ:
Նախագահ Սարգսյանը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացումն ու ընդլայնումը՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։ Նա գոհունակությամբ արձանագրել է, որ վերջին տարիներին հայ-գերմանական համագործակցությունը դինամիկ զարգանում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։
«Ինչպես տեղյակ եք, սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ հարձակում ձեռնարկեց Արցախի Հանրապետության դեմ` թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը: Ադրբեջանը տասնամյակներ շարունակ փորձում է ռազմական ուժով լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ ոտնահարելով միջազգային և բարոյական բոլոր նորմերը, հրաժարվելով բանակցային սեղանի շուրջ գտնել հակամարտության խաղաղ կարգավորման բանալին: Արցախը և Հայաստանը միահամուռ դիմակայել են ադրբեջանական ղեկավարության այս արկածախնդրային և կործանարար քաղաքականությանը, որի ետևում կանգնած է Թուրքիան:
Վստահ եմ, որ Հայաստանի և Արցախի համար այս ծանր պահին եղբայրական Գերմանիան կանգնած է մեր կողքին»,- մասնավորապես ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում:
Նախագահ Արմեն Սարգսյանը Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին մաղթել է առողջություն և հաջողություն, իսկ Գերմանիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։