20
03, 2020

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին Նովրուզի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին, ի դեմս նրանց Իրանի բարեկամ ժողովրդին գարնանային գեղեցիկ տոնի՝ Նովրուզի առթիվ։ Նախագահ Սարգսյանը նրանց մաղթել է քաջառողջություն և արգասաբեր գործունեություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ հարատեւ խաղաղություն ու բարեկեցություն:

Իրանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Լիահույս եմ, որ նոր տարին կլինի տնտեսական զարգացման, մտավոր ձեռքբերումների և նորարարությունների տարի։

Համոզված եմ, որ 1399 թվականը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին՝ խթանելով ինչպես ընթացիկ ծրագրերի, այնպես էլ նոր նախաձեռնությունների իրականացումը»։

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեին ուղղված շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Լիահույս եմ, որ նոր տարին Իրանի ժողովրդի համար կնշանավորվի քաղաքական և տնտեսական կյանքի նորանոր ձեռքբերումներով»։  

← Վերադառնալ