18
03, 2020

Տպավորված եմ Ձեր ապրած կյանքի պատմությունից. նախագահ Սարգսյանը շնորհավորել է Մատենադարանի գիտաշխատող Մարգարիտա Դարբինյանի 100-ամյա հոբելյանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 100-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Մատենադարանի թարգմանական մատենագրության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Մարգարիտա Դարբինյանին:

Նշելով, որ տպավորված է վաստակաշատ գիտնականի հետ օրերս ունեցած հանդիպումից (նախագահն իր նստավայրում նրան հյուրընկալել էր Կանանց տոնի առթիվ)' նախագահ Սարգսյանն ընդգծել է. «Տպավորված եմ Ձեր մարդկային կերպարով, Ձեր ապրած կյանքի պատմությունից: Տպավորված եմ թե՛ արժեքավոր այն ամենից, ինչ ստեղծել եք մինչ այժմ, թե՛ այն չմարող ոգևորությունից ու համառությունից, որոնց շնորհիվ այսօր էլ շարունակում եք ստեղծել և ստեղծագործել»:

Նախագահը նշել է, որ արդեն ընթերցել է Մարգարիտա Դարբինյանի կողմից իրեն նվիրած գրքերը, որոնք իր մեջ ամրապնդել են նվիրյալ գիտնականի և լուսավոր մարդու նրա կերպարը:

Նախագահ Սարգսյանը հոբելյարին մաղթել է առողջություն և ամենայն բարիք:

 

← Վերադառնալ