20
09, 2018

Անկախության օրվա առթիվ Հանրապետության նախագահը շարունակում է շնորհավորանքներ ստանալ

Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ տարբեր երկրների ղեկավարներից:

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն իր շնորհավորական ուղերձում համոզմունք է հայտնել, որ երկկողմ հարաբերություններում առկա ներուժի իրացումը, ինչպես նաեւ երկու երկների ժողովուրդների բարեկամական բազմադարյա կապերը կնպաստեն փոխըմբռնման եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության ամրապնդմանը:

Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ուղերձում մասնավորապես նշել է, որ Բելառուսը շարունակում է լինել Հայաստանի վստահելի գործընկերը եւ պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ միջպետական երկխոսության զարգացման նպատակով:

Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը վստահություն է հայտնել, որ երկու երկրների ու ժողովուրդների միջեւ պատմականորեն հաստատված բարեկամական կապերը արդյունավետ համագործակցության հետագա զարգացման հիմք են ստեղծում:

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն իր ուղերձում մասնավորապես համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջեւ առկա գործակցության ու փոխըմբռնման բարձր մակարդակը ամուր հիմք է հարաբերությունների հետագա շարունակական զարգացման եւ փոխշահավետ կապերի ամրապնդման համար:

Նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է նաեւ ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը
 

← Վերադառնալ