Շնորհավորական
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել՝ Հայաստանի եւ Բելառուսի միջեւ դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի կապակցությամբ
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հեղել Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:
Ուղերձում ասվում է.
«Հարգելի' Ալեքսանդր Գրիգորիի,
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները մեր երկու երկրների համար նշանակալի տարեթվի՝ Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:
Անցած քառորդդարյա ժամանակաշրջանում համատեղ ջանքերով, հիմնվելով բարեկամության եւ փոխադարձ աջակցության շուրջ հարաբերություններ կառուցելու մեր ժողովուրդների ձգտման վրա, տարբեր ոլորտներում միջպետական համագործակցության նշանակալի դրական փորձ է կուտակվել:
Անկասկած է, որ ինտենսիվ քաղաքական երկխոսությունը, հայ-բելառուսական փոխգործակցության ներուժի բացահայտմանը, առեւտրատնտեսական փոխշահավետ գործակցության զարգացմանն ու հումանիտար ոլորտում կապերի հետագա ընդլայնմանն ուղղված գործնական քայլերը լիովին համապատասխանում են մեր երկրների զարգացման երկարաժամկետ շահերին:
Համոզված եմ, որ ՀԱՊԿ, ԵԱՏՄ եւ ԱՊՀ շրջանակներում Երեւանի եւ Մինսկի առավել սերտ համագործակցությունը, ինչպես նաեւ գործակցությունը բազմակողմ միջազգային հարթակներում հետագայում եւս կարեւոր դեր կունենան երկու երկրների գործընկերության ողջ համալիրի դինամիկ զարգացման գործում:
Հարգելի' Ալեքսանդր Գրիգորիի,
Մաղթում եմ Ձեզ առողջություն եւ հաջողություններ, իսկ Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարգավաճում»: