20
12, 2017

Նախագահի ուղերձը Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ

Ազգային անվտանգության մարմինների հարգելի՛ աշխատողներ,

Շնորհավորում եմ ձեզ և համակարգի վետերաններին մասնագիտական տոնի կապակցությամբ:

Մեր հասարակության և պետության անունից շնորհակալություն եմ հայտնում ձեզ անձնվեր աշխատանքի, մեր երկիրն աղետաբեր չարագործություններից զերծ պահելու գործում ձեր դերակատարության և ցուցաբերվող պրոֆեսիոնալիզմի համար:

Ցավոք, վերջին տասնամյակներում տարածաշրջանում և աշխարհում տիրող իրավիճակը շարունակաբար ուղեկցվում է զազրելի ոտնձգություններով, հատկապես ահաբեկչական բնույթի դաժան հանցագործություններով: Նման պայմաններում դուք կարողանում եք բարձր պահել մեր պետականության հիմքերի, սահմանադրական կարգի և անվտանգության պահապանի կոչումը: Դուք ժամանակին համահունչ զարգացնում եք ձեր աշխատանքը՝ զսպելով վտանգավոր զարգացումները:

2017 թվականի ընթացքում ազգային անվտանգության մարմինների ստորաբաժանումներն իրենց գործառույթներն իրականացնելիս դրսևորեցին պահանջվող պատրաստվածություն: Ավելին՝ ԱԱԾ մարմինները, վերահսկելով օպերատիվ իրավիճակը, թույլ չտվեցին, որ ինչ-ինչ զարգացումներ վնասակար հետևանքներ առաջացնեն Հայաստանի պետականության և սահմանադրական կարգի համար:

Միևնույն ժամանակ, ազգային անվտանգության մարմինների ղեկավարությունն ու անձնակազմը ամենօրյա շարունակական աշխատանք են իրականացրել սահմանադրական բարեփոխումների իրագործման անվտանգ ու բնականոն ընթացքն ապահովելու համար: Այդ աշխատանքների շրջանակում առաջիկա տարում կհստակեցվի նաև Ազգային անվտանգության ծառայության կարգավիճակը:

Հարգելի՛ պարոնաք գեներալներ և սպաներ,

Հարգարժա՛ն վետերաններ,

Մենք լի ենք վճռականությամբ՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գործունեության հետագա զարգացումը: Ավելին՝ անելու ենք ամեն ինչ, որպեսզի բոլոր ուղղություններով իրականացվող այդ աշխատանքները համապատասխանեն ժամանակակից առաջատար հատուկ ծառայությունների չափանիշներին:

Կրկին շնորհավորում եմ ձեզ և մաղթում քաջառողջություն, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ՝ ի շահ մեր ժողովրդի և հանուն Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովելու վեհ գործի:
 

← Վերադառնալ