Շնորհավորական
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Ահարոնյանին հոբելյանի կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, ջութակահար Ռուբեն Ահարոնյանին ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, արևշատություն և ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ:
«Դուք հայ երաժշտարվեստի երախտավորներից եք` ճանաչված ջութակահար, որի վարպետության և տաղանդի շնորհիվ է նաև կերտվել ջութակի հայկական դպրոցի համբավը:
Խորհրդանշելով հայկական կատարողական արվեստի մի ողջ դարաշրջան` Դուք մշտապես հուզել եք դասական երաժշտության սիրահարներին: Այսօր էլ, թեև ապրում և արարում եք հայրենիքից հեռու, աշխարհի հեղինակավոր բեմերում պահանջված ներկայությամբ շարունակում եք հարստացնել կամերային երաժշտարվեստի գույները՝ ամենուր հնչեցնելով նաև հայկականը»,-ասված է Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում: