20
03, 2017

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Նախագահին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին Նովրուզի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին բնության զարթոնքի հիասքանչ տոնի՝ Նովրուզի առթիվ:

Հանրապետության Նախագահը մաղթել է, որ արեգակնային տոմարով նոր՝ 1396 թվականն Իրանի համար լինի հետագա զարգացման, նորանոր հաջողությունների ու ձեռքբերումների տարի։

ՀՀ Նախագահը նշել է, որ անցնող քառորդ դարի ընթացքում հայ-իրանական բարեկամական հարաբերությունները շարունակ վերընթաց զարգացում են ապրել` ընդգրկելով ամենատարբեր ոլորտների լայն ներկապնակ` բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունից մինչև առևտրատնտեսական սերտ համագործակցություն, մարդկանց միջև կապերից մինչև գիտակրթական ու մշակութային փոխգործակցություն: Նախագահ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ այդ հաստատուն հենքի վրա հայ-իրանական միջպետական ամուր կապերը հետագայում ևս կընդլայնվեն և կխորանան՝ ի նպաստ երկու ժողովուրդների խաղաղ և բարեկեցիկ ապագայի:

Սերժ Սարգսյանը մաղթել է Իրանի Նախագահին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին քաջառողջություն, արևշատություն և հաջողություններով լի բեղմնավոր գործունեություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն:

 

← Վերադառնալ