28
09, 2014

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլայ Ռիժկովին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ:

«Հարգելի Նիկոլայ Իվանի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ 85-ամյա փառահեղ հոբելյանի կապակցությամբ:

Պետական գործչի Ձեր երկարամյա փորձը, պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակը, վերլուծական միտքը, առաջնորդի որակները և խորաթափանցությունն իրենց ծանրակշիռ լուման են ներդրել ժամանակակից Ռուսաստանի կայացման ու բարգավաճման գործում:

Հայաստանում Ձեզ գիտեն և սիրում են որպես հավատարիմ ընկերոջ, ով մեր ժողովրդի համար ամենադժվար պահերին եղել է նրա կողքին: Հայ ժողովուրդը միշտ հիշում և բարձր է գնահատում ձեր անձնուրաց գործունեությունը 1988թ. դեկտեմբերին սարսափելի երկրաշարժից հետո: Հայաստանի փառավոր որդիների կողքին Դուք ազգությամբ ոչ հայ միակ օտարերկրացին եք, ով արդարացիորեն արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչման, ինչը հիրավի վկայում է Ձեր նկատմամբ հայ ժողովրդի տածած անսահման հարգանքի ու երախտագիտության մասին:

Որպես միջխորհրդարանական համագործակցության հայ-ռուսական հանձնաժողովի համանախագահ՝ Դուք արդեն երկար տարիներ անգնահատելի ներդրում եք ունենում մեր երկրների միջև ռազմավարական դաշնակցային գործընկերության ամրապնդման գործում:

Հարգելի Նիկոլայ Իվանի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երկար տարիների կյանք, ընտանեկան բարօրություն, ներդաշնակություն և կենսական անսպառ եռանդ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

 

← Վերադառնալ