05
09, 2014

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ

 

Արտակարգ իրավիճակների նախարարության հարգելի՛ աշխատողներ և վետերաններ,

Շնորհավորում եմ ձեզ Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ:

Սպիտակի երկրաշարժը վերապրած և բնական ու տեխնածին բազմաբնույթ մարտահրավերների ենթակա մեր երկրի համար ձեր նախարարության ստեղծումը պարզապես հրամայական էր: ԱԻՆ-ը մեր հանրապետության երիտասարդ նախարարություններից է և արդեն հասցրել է ոչ միայն կայանալ, այլև դառնալ մեր ժողովրդի համակրանքն ու վստահությունը վայելող, մեր երկիրն արժանապատվորեն ներկայացնող և միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող կառույց՝ ձեր հետևողական մասնագիտական աշխատանքի շնորհիվ:

Այսօր մեր ժողովուրդը հանձինս ձեզ ունի իր կողքին կանգնած, պատրաստակամ, անընդհատ զարգացող ու ընդլայնվող պետական մարդասիրական կառույց: Մարդիկ այսօր կասկած չունեն, որ անհրաժեշտության դեպքում իրենց օգնության կհասնեն՝ փորձությունն ու անելանելի թվացող իրավիճակը հաղթահարելու համար:

Առաջընթացն ու ձեռքբերումներն ակնառու են նաև կառավարման, մասնավորապես՝ ճգնաժամային կառավարման նոր մշակույթի ձևավորման, միջգերատեսչական արդյունավետ համագործակցության, հիմնախնդիրների լուծման համար երկրի ամբողջ ներուժի ներգրավման ոլորտներում:

Այսպիսի վերելքը ենթադրում է նաև մեծ պատասխանատվություն և աճի տեմպերի պահպանում: Ես արդեն տեսնում եմ, թե ինչպես եք կյանքի կոչում իմ հանձնարարականը՝ որակյալ ծառայությունները հասցնել հեռավոր, հատկապես սահմանամերձ համայնքներ: Անելիքները շատ-շատ են և՛ փրկարարության, և՛ սեյսմիկ պաշտպանության, և՛ տեխնիկական անվտանգության, հիդրոմետ և հակակարկտային ծառայությունների, և՛ այսօր ամենահրատապ՝ քաղաքացիական պաշտպանության ոլորտներում: Նախարարության հայրենանվեր աշխատակիցների պարտքն է՝ պաշտպանել մեր բնակիչներին ոչ միայն աղետներից, այլև չավարտված պատերազմի վտանգներից:

Կրկին շնորհավորելով Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ՝ մաղթում եմ, որ նույն մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, մարդկային որակներով և արժանապատվությամբ շարունակեք իրականացնել բնակչության ու տարածքների պաշտպանության ձեր առաքելությունը: Մաղթում եմ ձեզ անփորձանք աշխատանք, ձեր ընտանիքներին՝ բարօրություն և երջանկություն:

 

← Վերադառնալ