Շնորհավորական
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հայաստանի գրողների միության 80-ամյակի առթիվ
Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի գրողների միությանը հիմնադրման 80-ամյակի առթիվ:
Հայ գրողներին միավորող առաջին խոշոր կառույցի հիմնադրումը կապված է մեր գրականության այնպիսի նշանավոր անունների հետ, ինչպիսիք են Չարենցը, Բակունցը, Իսահակյանը, Դեմիրճյանը, Զորյանը...
Անցած տասնամյակներին միությունը համալրվել է նոր սերունդների բազմաթիվ տաղանդավոր անհատականություններով, որոնք, չնայած ժամանակի հարուցած դժվարություններին, ոչ միայն արժանիորեն շարունակել են անցյալի լավագույն ավանդույթները, այլև զարգացրել ու հարստացրել նոր իրականությունը ճշմարտացիորեն արտացոլող բարձրարվեստ երկերով: Հատկապես գնահատելի է գրողների միության գործունեությունը մեր երկրի անկախության վերականգնման ժամանակահատվածում, որի արդյունքում մեր գրականությունը հարստացել է անկախության հաստատմանը, արցախյան ազատամարտին, հայության համախմբմանն ու մեր պետականության կայացման ընթացքին վերաբերող արժեքավոր գործերով: Համոզված եմ, որ այդ շարքը կշարունակվի՝ ամբողջացնելով մեր ժողովրդի նորագույն պատմության գեղարվեստական տարեգրությունը:
Մեկ անգամ ևս շնորհավորելով նշանավոր հոբելյանի առթիվ՝ Հայաստանի գրողների միությանը, բոլոր գրողներին մաղթում եմ ստեղծագործական անսպառ եռանդ, քաջառողջություն, նորանոր հղացումներ և իրագործումներ, ընթերցողներին՝ գեղագիտական վայելքի բազմաթիվ պահեր: