Շնորհավորական
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Գյումրին 2013 թվականին ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ
Հարգելի՛ հյուրեր,
Սիրելի՛ գյումրեցիներ,
Շնորհավորում եմ բոլորիս` Գյումրին 2013 թվականին ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք հռչակվելու առթիվ: Այդ կարևորագույն որոշումը կայացվեց 2012 թվականի դեկտեմբերի 5-ին՝ Աշգաբատում տեղի ունեցած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում:
«Համագործակցության մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագիրն ուղղված է ԱՊՀ երկրների միջև մշակութային երկխոսության խթանմանը և այս բնագավառում նրանց ներուժի միավորմանը: Այն կոչված է բացահայտելու մայրաքաղաքներից դուրս առկա ստեղծագործական ռեսուրսները և ամրապնդելու ԱՊՀ ժողովուրդներին կապող մշակութային համագործակցության անտեսանելի լարերը: Հարուստ պատմական ընդհանուր փորձը պետք է մշտապես ի ցույց դրվի, որպեսզի հնարավոր լինի գտնել փոխադարձ գնահատանքի նոր եզրեր:
Ուրախությամբ պետք է ընդգծեմ, որ այս հրաշալի ծրագրի առաջարկի հեղինակը Հայաստանի Հանրապետությունն է:
Ուրախ եմ նաև, որ հազարամյակների պատմություն ունեցող Շիրակի մարզկենտրոն Գյումրին է իրականացնելու այս կարևոր առաքելությունը: Քաղաք, որը լավագույնս պահպանել ու նորովի զարգացրել է մեր ժողովրդի ազգային և մշակութային լավագույն ավանդույթները: Քաղաք, որն արդեն իսկ մեզանում հայտնի է որպես Հայաստանի մշակութային մայրաքաղաք, քանի որ այն հայ մշակույթի նշանավոր բազմաթիվ գործիչների ծննդավայրն է:
Վստահ եմ, որ 2013 թվականին ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք լինելու փաստը նոր անմոռաց էջ կգրի Գյումրու կենսագրության մեջ:
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին, մաղթում տպավորիչ ու բովանդակալից օրեր: