Շնորհավորական
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ:
Պատմականորեն համաշխարհային նշանակություն ստացած այս տոնը կոչված է փառաբանելու աշխատանքն ու աշխատավորին, պաշտպանելու աշխատավորների իրավունքները:
Հայի ստեղծագործ մտքի ու արարող ձեռքի արգասիքը կարելի է տեսնել աշխարհի բոլոր չորս կողմերում, սակայն մեր ամենամեծ ձեռքբերումները կերտում ենք մայր Հայաստանում: Անցյալում բազմաթիվ դժվարություններ վերապրած մեր հայրենիքում պետք է ստեղծենք մի այնպիսի պետություն, որտեղ պահպանվում և սերնդեսերունդ են փոխանցվում մեր լավագույն ավանդույթները: Մեր աշխատանքով պետք է Հայաստանը քայլի ժամանակին համընթաց՝ յուրացնելով ոչ միայն նորարարությունները, այլև աշխատանքի կազմակերպման և աշխատավորների իրավունքների պաշտպանության ամենաառաջադիմական ձևերն ու չափանիշները:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Կրկին շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա առթիվ: Վստահ եմ, որ մեր աշխատասեր ժողովուրդը շարունակելու է Հայաստանի շենացման իր վերընթաց ուղին: Մաղթում եմ բոլորիս խաղաղ ու ստեղծագործ աշխատանք` հանուն մեր ընտանիքների բարեկեցության և մեր երկրի անխափան զարգացման: