Շնորհավորական
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին` Սուրբ Աթոռի քահանայապետի պաշտոնում ընտրվելու և կաթոլիկ աշխարհի հովվապետի առաքելությունը ստանձնելու կապակցությամբ: Հանրապետության նախագահը հայ ժողովրդի և անձամբ իր անունից Նորին Սրբությանը հղել է ջերմ շնորհավորանքներ ու լավագույն բարեմաղթանքներ:
«Վստահ եմ, որ Ձեր Աստվածահաճո ծառայությունը կնշանավորվի հավատքի, ազատության, արդարության և հույսի հաղթանակով՝ սփռելով իր բարեգութ ազդեցությունը աշխարհով մեկ:
Ձերդ Սրբություն,
Հայաստանը բարձր է գնահատում Վատիկանի դերը ոչ միայն որպես հոգևոր կենտրոն, այլև որպես մարդու իրավունքների ու բարոյական նորմերի պաշտպան, աշխարհում հանդուրժողականության, փոխըմբռնման, խաղաղության պահպանման ջատագով:
Հայաստանի և Վատիկանի՝ քսանամյա պատմություն ունեցող դիվանագիտական հարաբերությունները մշտապես աչքի են ընկել բարձր մակարդակի երկխոսությամբ՝ ներառյալ բարձրաստիճան փոխայցելություններով ու տարբեր ոլորտներում սերտ համագործակցությամբ։
Մեծապես ակնկալում ենք, որ Հայաստանի` քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկրի, և Սուրբ Աթոռի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության բարի ավանդույթները հետագայում ևս կշարունակեն խորանալ ու զարգանալ նույն ոգով՝ քանզի սերում են նույնակունք քրիստոնեական արժեհամակարգից։
Մաղթելով Ձեզ քաջառողջություն և կորով՝ ընդունեք, խնդրեմ, Ձերդ Սրբություն, խորին հարգանքներիս հավաստիքը»,-ասված է Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում: