Շնորհավորական
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ
Հայաստանի ազգային անվտանգության մարմինների հարգելի՛ աշխատողներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ:
Մեր պետականության հիմքերի ամրապնդման, երկրի խաղաղ ու անվտանգ զարգացումն ապահովելու գործում դուք մեծ ներդրում ունեք:
Ժամանակակից աշխարհում անվտանգության խնդիրները ներկայանում են առանձնահատուկ սրությամբ: Այս նոր և ավելի բարդ պայմաններում դուք կարողանում եք պատվով կատարել ձեր պարտքը՝ պատշաճ մակարդակի վրա պահելով մեր պետության ու հասարակության անվտանգությունը:
Համոզված եմ, որ նույն ոգով շարունակելու եք ձեր ծառայությունը հայրենիքին և ժողովրդին, նաև կատարելագործելու եք մասնագիտական հմտություններն ու կարողությունները ձեր պատասխանատվությանը վստահված բոլոր ոլորտներում:
Մեր ժողովրդի խաղաղ առօրյային և անվտանգությանը նետված մարտահրավերները պետք է ստանան համարժեք արձագանք, և ձեր արդյունավետ գործունեությունը դրա գրավականն է:
Կրկին շնորհավորում եմ ձեզ՝ մաղթելով քաջառողջություն, հետագա հաջողություններ և ձեռքբերումներ՝ ի նպաստ մեր երկրի ու ժողովրդի ապահովության: