Շնորհավորական
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ Աբել Աղանբեկյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ Աբել Աղանբեկյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի Աբել Աղանբեկյան,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ 80-ամյա հոբելյանի առթիվ:
Ձեր կյանքի ուղին բացառիկ տաղանդի և շռայլ ոգու տեր մարդու ուղի է: Դուք ձեռք եք բերել անառարկելի հեղինակություն` երկարամյա գիտական, մանկավարժական, կազմակերպչական և քաղաքական գործունեության, ամենաանբարենպաստ պայմաններում անգամ ճշմարտությունը, սեփական հայացքներն ու դիրքորոշումները մինչև վերջ պաշտպանելու ունակության շնորհիվ: Ձեր անվան հետ են ասոցացվում խորհրդային տնտեսագիտության զարգացման գործում պատկառելի մասնագիտական փորձը, խորը գիտելիքները, կորովն ու խանդավառությունը, այն ժամանակ դեռևս միասնական երկիրը բարեփոխելու և փրկելու փորձերը:
Ձեր ճշմարտացի խոսքը արձագանք էր գտնում ամբողջ աշխարհում ու մեր հարազատ Արցախում, և մենք մշտապես հպարտացել ենք Ձեր հաջողություններով ու ձեռքբերումներով:
Սրտանց ցանկանում եմ Ձեզ, հարգելի պարոն Աղանբեկյան, քաջառողջություն և բարեկեցություն՝ ի բարօրություն Ձեր ընտանիքի»: