04
07, 2012

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո պարոն Նախագահ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ:

Չափազանց ոգևորիչ է տեսնել, որ 18-րդ դարում Ձեր երկրի հիմնադիրների կողմից հռչակված համամարդկային բարձրագույն արժեքներն այսօր էլ արդիական են հատկապես աշխարհի այն ժողովուրդների համար, որոնք դեռ պայքարում են հանուն անկախության, ազատության, արդարության և հավասարության:

Այս տարի մենք նշում ենք Միացյալ Նահանգների հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Հպարտորեն պետք է ընդգծեմ, որ այդ 20 տարիների ընթացքում մեր հարաբերություններն ունեցել են վերընթաց զարգացում և այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա: Իհարկե, մեր ժողովուրդների կապերը շատ ավելի խոր պատմություն ունեն, և դրանցում հատկապես մեծ և տեսանելի դեր ունի ամերիկահայ համայնքը, որը բազմաթիվ ամուր կամուրջներով կապել է մեր երկրները: Միջպետական հարաբերությունների երրորդ տասնամյակի շեմին մենք շարունակում ենք խորապես շահագրգռված մնալ Միացյալ Նահանգների հետ բազմակողմանի գործընկերային սերտ հարաբերությունների հետագա զարգացմամբ:

Հայ ժողովուրդը երախտապարտ է Ամերիկայի Միացյալ Նահանգներին՝ անկախության վերանվաճումից ի վեր Հայաստանին համակողմանի և շարունակական աջակցություն ցուցաբերելու համար: Բարձր գնահատանքի են արժանի նաև արցախյան հակամարտության կարգավորմանն ուղղված Ձեր երկրի ջանքերը:

Կրկին շնորհավորելով Անկախության օրվա առթիվ՝ մաղթում եմ Ձեզ և Ձեր ժողովրդին խաղաղություն և բարօրություն»:

← Վերադառնալ