21
06, 2012

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Ոստիկանության զորքերի կազմավորման 20-ամյակի առթիվ

 

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատարությանն ու ողջ անձնակազմին կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ:

Քսան տարի առաջ ձևավորվեց պետական մի կառույց, որի դերն ու նշանակությունն անհնարին է գերագնահատել: Նա մեր երկրի ու հասարակության զարգացմանը զուգընթաց՝ անցավ հասունացման, ամրացման ու մասնագիտական վերելքի պատվավոր ճանապարհ՝ Արցախյան ազատամարտից մինչև Հայաստանի սահմաններ ու մինչև մերօրյա խնդիրներ: Գոյության երկու տասնամյակների ընթացքում Ոստիկանության զորքերը հասցրել են շատ բան անել: Համոզված եմ, որ այսօր կան ավելի շատ և ավելի լավ աշխատելու թե՛ գիտակցությունը, թե՛ պատրաստակամությունը:

Հասարակական կարգի պաշտպանությունը, ինչպես նաև հասարակական անվտանգության ապահովումն այսօր իսկապես օր օրի կատարելագործվում են, և դա առաջին հերթին ոստիկանության զորքերի անձնվեր ծառայության արդյունքն է:

Կրկին վստահեցնում եմ ձեզ, որ յուրաքանչյուր դրական փոփոխություն ձեր գործունեության մեջ, յուրաքանչյուր նոր մոտեցում ու նոր վարքագիծ ձեր կողմից հաստատապես տեսնում ու գնահատում է ձեր գործունեության հասցեատերը` Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Ոչինչ աննկատ չի մնում, և ձեր յուրաքանչյուր նոր ձեռքբերում ավելացնելու է ձեզնից յուրաքանչյուրի ու ողջ համակարգի հեղինակությունը, հպարտության նոր լիցքեր է հաղորդելու բոլորիդ:

Ոստիկանության զորքերի հարգելի՛ ծառայողներ,

Ձեր արհեստավարժությունից այսօր շատ բան է կախված, մասնավորապես՝ պետության ներկայացուցչի հանդեպ մարդկանց վերաբերմունքը:

Կրկին շնորհավորում եմ ձեզ հոբելյանի առթիվ, մաղթում անփորձանք և արդյունավետ ծառայություն՝ հանուն մեր պետության ու ժողովրդի անվտանգության, հանուն ապահով ներկայի ու գալիքի:

 

← Վերադառնալ