02
03, 2012

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման 20-րդ տարեդարձի առթիվ

Ուղերձում ասված է.

«1992 թվականի մարտի 3-ին, մեր անկախ պետականության կազմավորմանը զուգընթաց, հիմնվեց համահայկական մի կառույց, որն արդեն երկու տասնամյակ, համախմբելով համայն հայության ներուժը, եզակի առաքելություն է իրականացնում Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում՝ կառուցելով և նորոգելով հարյուրավոր կիլոմետրեր ձգվող ճանապարհներ, գազատարներ ու ջրատարներ, արդիական հիվանդանոցներ, կրթօջախներ ու մշակութային հաստատություններ:

Այս փառավոր ճանապարհը հիմնադրամն անցել է ձեռք ձեռքի տված` Հայաստանում, Արցախում և Սփյուռքում բնակվող իր բազմահազար նվիրատուների հետ, որոնց անկոտրում կամքի ու անմնացորդ նվիրումի արդյունքում կյանք են առել մեր հայրենիքի համար կարևորագույն նշանակության ենթակառուցվածքներ:

Այս հոբելյանը խորհրդանշում է 20 տարիների մեր միասնական ձեռքբերումները, մեծ ու փոքր հաղթանակները, որոնք ուղղված են հայ ժողովրդի բարօրությանն ու մեր երկրի առաջընթացին:

Այս պայծառ հոբելյանի առթիվ ջերմագին շնորհավորանքներ եմ հղում աշխարհասփյուռ հայությանը և մաղթում, որ իրականանա շեն ու զորավոր հայրենիքում ապրելու բոլորիս երազանքը»:

← Վերադառնալ