23
02, 2012

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եղիսաբեթ Երկրորդի գահակալության 60-ամյա հոբելյանական տարեդարձի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Թագուհի Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդի գահակալության 60-ամյա հոբելյանական տարեդարձի կապակցությամբ հայ ժողովրդի և անձամբ իր անունից ջերմ շնորհավորանք և լավագույն բարեմաղթանքներ է հղել Եղիսաբեթ Երկրորդ Թագուհուն, արքայական ընտանիքի անդամներին և Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին. «Նորին Մեծությունը, պահպանելով և ներկայացնելով արքայական թագի լավագույն ավանդույթները, իր գահակալության վեց տասնյակ տարիների գործունեությունը ծառայեցրել է բրիտանական հասարակության բարօրությանը, աշխարհում համամարդկային ամենաբարձր արժեքների տարածմանն ու արմատավորմանը: Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու գահակալության տարիները, նրա պետական-հասարակական ակտիվ գործունեությունը երևան են հանում երկրի և հասարակության ճակատագրով սրտացավ, ուժեղ և կամային բարձր հատկանիշներով օժտված անհատին:

Ուրախ եմ, որ առիթ եմ ունեցել հանդիպելու և հետաքրքիր զրույց ունենալու Նորին Մեծության հետ, այդ թվում՝ հայ-բրիտանական բարեկամության վերաբերյալ: Բարեկամություն, որը խարսխված է մեր ժողովուրդների ընդհանուր արժեքների և խաղաղ ու լուսավոր ապագայի հանդեպ անսասան հավատի վրա»,-ասված է Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում:

Հանրապետության ղեկավարը Նորին Մեծությանը մաղթել է աներեր առողջություն, եռանդ և կորով իր հետագա գործունեության ընթացքում, ինչպես նաև արքայական ընտանիքի և իր հպատակների սիրով և հարգանքով շրջապատված երջանիկ ու խաղաղ օրեր:

← Վերադառնալ