01
10, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոյին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոյին՝ ՉԺՀ կազմավորման 62-րդ տարեդարձի կապակցությամբ: Սերժ Սարգսյանը հայ ժողովրդի և անձամբ իր անունից տոնի առթիվ ջերմ բարեմաղթանքներ է հղել Նախագահ Հու Ձինթաոյին և Չինաստանի բարեկամ ժողովրդին.

«Մեծ գոհունակությամբ ենք հետևում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և չին ժողովրդի նվաճումներին ու հաջողություններին հասարակական, քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային և այլ ոլորտներում: Անշեղորեն բարձրացել է Չինաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում:

Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության բոլոր բնագավառներում վերջին տարիներին կտրուկ աճ է արձանագրվել: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր երկրների միջև առկա բարեկամական հարաբերություններն ու շարունակական ակտիվ գործակցությունն այսուհետ ևս կզարգանան և կընլայնվեն՝ ի շահ մեր ժողովուրդների:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ երջանկություն և բարօրություն»,-ասված է Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

← Վերադառնալ