17
09, 2011

Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողության ժամանակ

album picture
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք
Պարոնայք գեներալներ, սպաներ
Հարգելի՛ հյուրեր,

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի, և հայրենիքի բարձր կոչումներին ու պարգևներին արժանանալու կապակցությամբ:

Ինձ համար այս պարգևների հանձնումը պատիվ է, որովհետև այստեղ ներկա են մեր երկրի ու հասարակության արժանավոր ներկայացուցիչներ: Առաջին հերթին հենց նման մարդկանց շնորհիվ է, որ մեր պետությունը կանգուն է և նման մարդկանց շնորհիվ է առաջընթաց արձանագրում մեր ժողովուրդը:

20 տարի առաջվա Հայաստանը և այսօրվա Հայաստանը ոչ միայն աշխարհի, այլև մեզ համար բացարձակապես տարբեր երկրներ են: Մեր երկիրը վերափոխվել է հենց մարդկանց` կոնկրետ անհատների նվիրված աշխատանքով: Եվ յուրաքանչյուրի բերած աշխատանքի կաթիլները միավորվելով մեծ ուժ են դառնում: Առածն է ասում. «Ջրի կաթիլը քար է ծակում»: Մենք որպես ազգ 20 տարի շարունակ կաթիլ-կաթիլ քար ենք ծակել: Այսօր պարգևատրվողներից յուրաքանչյուրն ինձ համար ահա այդպիսի մի թանկ ու կարևոր կաթիլ է:

20 տարի առաջվա Հայաստանը և այսօրվա Հայաստանը, այնուամենայնիվ, նույն երկիրն են` նույն լեզվական, մշակութային ու ընտանեկան ավանդույթներով, ինչպես նաև ազգային իղձերով: Մենք միշտ մնալու ենք նույնը, բայց նաև միշտ տարբեր. պահպանողական ու արդիական, ազգային ու միջազգային, միշտ հին ու միշտ նոր: Սա է հավերժության ճանապարհը, եթե հավակնում ենք հավերժի ճամփորդ լինել:

Զինվոր թե սպա, գիտնական թե արվեստագետ, բժիշկ թե ուսուցիչ, շինարար թե քաղծառայող, բանվոր թե նախարար` բոլորս մեծ հաշվով նույն գործն ենք անում` նույն կառույցի մասերն ենք: Ինչպես տաճարի հիմքը, սյուներն ու գմբեթն ունեն տարբեր գործառույթներ, բայց բոլորը միասին մեկ ամբողջություն են: Վահան Տերյանն ասում էր. «Տաճար է մեր երկիրը, սուրբ է ամեն քար»: Եվ եթե մեզնից յուրաքանչյուրն իրեն ընկալի որպես մի քար տաճարի պատի մեջ, ապա կտեսնի, թե որքան ուժեղ, գեղեցիկ ու անմահ ենք մենք միասին, և որքան խոցելի ենք, երբ տաճարի պատից քար է պակասում:

Այսօր հայրենիքը արժանին է մատուցում նրանց, ովքեր ունեն այդ գիտակցությունը, ովքեր ապրում ու աշխատում են այդ գիտակցությամբ, ովքեր չափանիշ են ձևավորում, քանզի վաղվա սերունդը հենց այդ չափանիշներով է առաջնոդվելու:

Կրկին շնորհավորում եմ ձեզ և շնորհակալություն հայտնում ձեր վաստակի համար` այն հաստատ հավատով, որ դուք ձեր գործընկերների հետ միասին շարունակելու ու զարգացնելու եք ձեր և մեր հաջողությունները: Հաջողություններ, որոնց շնորհիվ 20 տարի հետո ունենալու ենք բոլորովին ուրիշ, բոլորովին նոր երկիր, բայց որը լինելու է նույն հինավուրց ու շատ սիրելի Հայաստանը:

← Վերադառնալ