16
09, 2011

Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ Հայ առաքելական եկեղեցու սպասավորների, մտավորականների, սպորտի բնագավառի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելության ժամանակ

album picture
Վեհափա՛ռ Տեր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ:

Ինձ համար առանձնահատուկ պատիվ է ողջունել մեր մտավորականներին, արվեստագետներին, գիտնականներին, մեր եկեղեցու նվիրյալներին, կրթության ոլորտի, մարզաշխարհի ներկայացուցիչներին` մանավանդ այսպիսի տոնական առիթով:

Անկախության գաղափարի և՛ հղացողը, և՛ կրողը, և՛ քարոզողը առաջին հերթին մտավորականներն են եղել: Ազգային պետություն վերականգնելու և վերակազմակերպելու գործն առաջ են տարել մարդիկ, ովքեր մոռացել են իրենց անձնական կյանքը, ենթարկվել հալածանքների, երբեմն սեփական կյանքով են վճարել, բայց կատարել են իրենց առաքելությունը: Չունենալով հայրենի պետություն` մտավորականները հաճախ իրենց վրա են վերցրել պետական կառույցների գործառույթներ և իրականացրել դրանք` ավել կամ պակաս հաջողությամբ:

Երբ հեռավոր Հնդկաստանում հայ մտավորականները սահմանադրություն էին գրում, նրանք ուրվագծում էին ապագա անկախ Հայաստանի իրենց պատկերացումը: Երբ Մոսկվայում Միքայել Նալբանդյանն ու Ստեփանոս Նազարյանցը «Հյուսիսափայլ» էին հրատարակում, նրանք գիտակցաբար և հեռահար նպատակներով ձևավորում էին նոր գրական արևելահայերենը, որն այսօր մեր պետական-պաշտոնական լեզուն է: Երբ Րաֆֆին գրում էր իր վեպերը, նպատակ ուներ ոտքի հանել ազատագրական պայքարի մարտիկների և մասամբ հասավ իր նպատակին:

Արցախյան ազատամարտի առաջին իսկ օրերից մենք ունեցանք հազարավոր կամավորներ, որոնց գաղափարական և բարոյահոգեբանական նախապատրաստումն իրականացրել էին մեր մտավորականները: Ազատասիրության ու հայրենասիրության կրակը մեր նոր սերնդի մեջ վառել էին առաջին հերթին մեր արվեստագետներն ու գիտնականները: Սա փաստ է, և սրա գիտակցումը, համոզված եմ, կա ձեզնից յուրաքանչյուրի մեջ:

Այս հանգամանքը շատ լավ հասկանում էին նույնիսկ մեր ժողովրդի դահիճները, որոնք Մեծ եղեռնի ամենասոսկալի փուլն սկսեցին հենց մտավորականների ձերբակալություններով 1915թ. ապրիլի 24-ին:

Այս պատմական զուգահեռները մեզ այսօր անհրաժեշտ են ոչ միայն մեր մտավորականության դերն արժևորելու, այլև ձևակերպելու համար, թե ինչն է ներկա պատմական փուլում կարևոր, ինչն է հասարակական-քաղաքական առումով արդիական: Այն ազգը, որը չի կարողանում հաջորդ սերնդին փոխանցել իր արժեհամակարգը, մեկ սերունդ հետո պարզապես այլասերվում է. ավելի պարզ` լավագույն դեպքում դառնում է ուրիշ ազգ, իսկ մեծ մասամբ` ապազգային ու անդեմ զանգված:

Դարեր շարունակ մեր ինքնության դրոշակակիրն է եղել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, որը մեր ամենահին ոչ միայն հոգևոր, այլև գիտական ու մշակութային կազմակերպությունն է: Ավելին, Հայ եկեղեցին կատարել է նաև դատական և տեղական իշխանության գործառույթներ, իսկ իր թեմական կառույցների ցանցով դարեր շարունակ ունեցել է համաշխարհային ընդգրկում: Պետական գրեթե բոլոր կառույցներին փոխարինող մի հաստատություն, որ ծանր ժամանակներում վառ պահեց անկախ պետականության ջահը` երբեմն համբերատար, իմաստուն ու հեռատես, երբեմն կտրուկ և օտարի լուծը չհանդուրժող, բայց միշտ հայկական մի կառույց:

Օրինաչափ է, որ Անկախության հռչակման առաջին իսկ րոպեներին պիտի հնչեին Ամենայն հայոց Հայրապետի` Վազգեն Առաջինի օրհնության խոսքերը: Այդ օրհնանքով է սկիզբ առել մեր նորագույն պետականությունը, և 20 տարի շարունակ հայոց պետությունն ու հայ եկեղեցին ձեռք ձեռքի քայլել ու քայլում են առաջ` ազգային ու համամարդկային իդեալների ճանապարհով:

Եկեք փառաբանենք հայ մտավորականությանը, որ դարեր շարունակ տարբեր պայմաններում կարողացավ վառ պահել ազատության կրակը մեր հոգիներում,

հայ արվեստագետներին ու գիտնականներին, ովքեր բարձրացրին իրենց և իրենց ժողովրդի անունն աշխարհում,

բոլոր նրանց, ում նկարագրով մեծապես բնորոշվում է մտածող, ստեղծագործող, արարող հայի նկարագիրը,

նրանց, ովքեր ուսուցանում են ու դաստիարակում, ովքեր աշխարհում բարձրացնում են հայոց եռագույնն ու հնչեցնում մեր օրհներգը, ովքեր երիտասարդներին հայրենասիրություն են ներարկում:

Շնորհավոր բոլորիս մեծ տոնը:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

← Վերադառնալ