05
07, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ

Սիրելի´ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ:

Սահմանադրության ընդունման և դրանում փոփոխությունների կատարման հանրաքվեները հստակ ցույց տվեցին Հայաստանի ժողովրդի դիրքորոշումը, թե ինչպիսի երկրում է ինքն ուզում ապրել: Սա անվիճարկելի ընտրություն է, որի նկատմամբ հարգանքն ու հավատարմությունը բոլորիս սուրբ պարտականությունն է:

Սահմանադրության մեջ արտացոլված է սոցիալական, իրավական ու ժողովրդավարական պետություն կերտելու մեր նպատակադրումը: Այն կյանքի կոչելու ուղղությամբ մեծ գործ է արվել, բայց պետք է խոստովանենք, որ շատ բան դեռ լիարժեք իրականություն չի դարձել: Այսօր մենք մեր քայլերով, մեր հետևողականությամբ պետք է կարողանանք նոր թափով խթանել երկրի հետագա ժողովրդավարացումը: Մեր քաղաքացիների` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներն ու ազատությունները պիտի մտնեն յուրաքանչյուր տուն և հիմնարկ, յուրաքանչյուր գյուղ ու քաղաք, պիտի դառնան ոչ միայն Սահմանադրության, այլև կյանքի նորմ: Մենք դա կարող ենք անել, քանի որ դրա համար կան և´ իշխանությունների քաղաքական կամքը, և´ ժողովրդի լայն հատվածի անկեղծ մղումը:

Սիրելի´ հայրենակիցներ,

Կրկին շնորհավորելով տոնի առթիվ` մաղթում եմ բոլորիս, որ հնարավորություն ունենանք լիարժեքորեն վայելելու մարդու իրավունքների և ազատությունների այն լայն դաշտը, որն ինքներս ենք նախանշել մեր իսկ ընտրությամբ:

← Վերադառնալ