16
04, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորանքը ՀՀ ոստիկանության օրվա առթիվ

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության օրվան նվիրված շքերթին:

Նախագահը շնորհավորել է ոստիկանության աշխատակիցներին և վետերաններին` մասնագիտական տոնի կապակցությամբ:

«Անցած երկու տասնամյակները Հայաստանի ոստիկանության կայացման ու ամրապնդման կարևոր շրջան էին, որի ընթացքում դուք իրականացրել եք ձեր առաքելությունը: Ե՛վ Արցախյան ազատամարտում, և՛ հանցավորության դեմ պայքարում մեր ոստիկաններից շատերը դրսևորեցին մասնագիտական բարձր որակներ ու հերոսական կեցվածք: Ոմանք ընկան այդ կռվում, բայց նրանց հիշատակը և նկարագիրը` արդար և ուժեղ ոստիկանի կերպարը, մնացին և պետք է մնան որպես չափանիշ, որպես ձեր աշխատանքի ու ծառայության ուղեցույց:

Հայաստանի ոստիկանությունն այս ընթացքում անցավ վերափոխումների բարդ շրջադարձերի միջով, և այսօր էլ բարեփոխումներն ու արդիականացումը համակարգում շարունակվում են: Ժամանակակից պահանջներին համապատասխանող օրենքների ընդունումը և օրենսդրական փոփոխությունների ողջ փաթեթը, իհարկե, անհրաժեշտ էին, բայց ակնհայտ է, որ դրանք բավարար չեն»,- իր շնորհավորական խոսքում ասել է Նախագահ Սարգսյանը, խոսելով նաև օրինականության պահպանման հարցում ոստիկանության անելիքների մասին, խոսքի ավարտին մաղթելով նրանց` արժանի լինել իրենց բարձր կոչմանը:

Հանրապետության ղեկավարը, ոստիկանության օրվա առթիվ, իրավակարգի ամրապնդման և հասարակական կարգի պահպանության գործում ունեցած նշանակալի ներդրման համար ՀՀ ոստիկանության մի խումբ աշխատակիցների պարգևատրել է ՀՀ մեդալներով:



***



Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը Ոստիկանության օրվա առթիվ

Ոստիկանության հարգելի՛ աշխատակիցներ և վետերաններ,
Պարոնա՛յք գեներալներ, սպաներ, ենթասպաներ, շարքայիններ,
Շնորհավորում եմ ձեզ Ոստիկանության օրվա կապակցությամբ:

Անցած երկու տասնամյակները Հայաստանի ոստիկանության կայացման ու ամրապնդման կարևոր շրջան էին, որի ընթացքում դուք իրականացրել եք ձեր առաքելությունը: Ե՛վ Արցախյան ազատամարտում, և՛ հանցավորության դեմ պայքարում մեր ոստիկաններից շատերը դրսևորեցին մասնագիտական բարձր որակներ ու հերոսական կեցվածք: Ոմանք ընկան այդ կռվում, բայց նրանց հիշատակը և նկարագիրը` արդար և ուժեղ ոստիկանի կերպարը, մնացին և պետք է մնան որպես չափանիշ, որպես ձեր աշխատանքի ու ծառայության ուղեցույց:
Հայաստանի ոստիկանությունն այս ընթացքում անցավ վերափոխումների բարդ շրջադարձերի միջով, և այսօր էլ բարեփոխումներն ու արդիականացումը համակարգում շարունակվում են: Ժամանակակից պահանջներին համապատասխանող օրենքների ընդունումը և օրենսդրական փոփոխությունների ողջ փաթեթը, իհարկե, անհրաժեշտ էին, բայց ակնհայտ է, որ դրանք բավարար չեն: Ցավոք, մեզ դեռ չի հաջողվել ձևավորել քաղաքացի-ոստիկան, հասարակություն-ոստիկանություն հարաբերությունների նոր մշակույթ, նոր ավանդույթ: Երբեմն չափն անցնում է ոստիկանը, երբեմն` քաղաքացին: Այս իրողությունը մեծապես խոչընդոտում է ընդհանուր զարգացմանը: Դրանից հավասարապես տուժում և հավասարապես դժգոհ են թե՛ քաղաքացին, թե՛ ոստիկանը: Մեր խնդիրն է ձևավորել այդ նոր ավանդույթը, և այստեղ առաջին դերը կրկին պատկանում է ձեզ, որովհետև դուք ներկայացնում եք պետական կառույց և հիմնականում կայացած կառույց: Ձեզնից ակնկալվում են բացառիկ սառնասրտություն ու զսպվածություն և մյուս կողմից` վճռականություն: Այո՛, սա բարդ խնդիր է, որովհետև հաճախ դժվար է որոշել սահմանը, բայց դա ձեր մասնագիտությունն է, ձեր առաքելությունն է և պարտականությունը:

Քաղաքացիների իրավունքների և ունեցվածքի պաշտպանությունը, ինչպես նաև պայքարը հանցավորության դեմ մեր ոստիկանությունն իրականացնում է հիմնականում արդյունավետ կերպով: Սա փաստ է: Մենք միշտ հպարտորեն նշում ենք, որ Երևանը աշխարհի ամենաապահով մայրաքաղաքներից է: Սա առաջին հերթին բխում է մեր ժողովրդի և հասարակության նկարագրից, բայց սա նաև մեր ոստիկանության արժանիքն է, որ պետք չէ ուրանալ:

Տոնական օրերին այնքան էլ ընդունված չէ խոսել խնդիրների և բացթողումների մասին, բայց, կարծում եմ, որ դուք, հարգելի´ ոստիկաններ, արդեն սովոր եք զգոնության և զգաստության կոչերին: Փաստ է նաև այն, որ օրինականության պահպանման հարցերում մենք ձեզ հետ միասին դեռ լուրջ անելիքներ ունենք: Վստահեցնում եմ, որ մեր քաղաքացիներն իսկապես ուզում են ապրել օրենքով: Ձեզնից ակնկալվում է, որ դուք հստակ ձևակերպեք ձեր պահանջներն ու խնդիրները, ինչպես նաև բացառեք խտրականությունը: Օրենքի առջև հավասարության սկզբունքի խախտումը, նույնիսկ մեկ խախտումը, վարկաբեկում և փլուզում է ողջ համակարգը: Հենց այդ համակարգն է կոչված ձևավորելու նոր` բոլորիս կողմից ընդունելի ավանդույթը, քաղաքացու և ոստիկանի փոխհարաբերության ավանդույթը: Կրկնում եմ` մեր խնդիրն է ձևավորել նոր մշակույթ, այլ ո՛չ քայքայել այն դեռևս սաղմնային վիճակում: Ընդունում եմ, կյանքը շատ ավելի հարուստ է ու բազմաշերտ, քան թղթի վրա գրված օրենքները, և դուք ամեն օր, ձեր գործի բերումով, բախվում եք ամենատարբեր իրավիճակների: Լինում են արտակարգ դեպքեր ու բացառություններ, բայց մեր խնդիրն է նվազագույնի հասցնել բացառությունները:

Խնդրում եմ հիշել, որ մեր երկրի քաղաքացիներն ու հյուրերը ոչ մի պաշտոնյայի այնքան հաճախ չեն հանդիպում, որքան ձեզ` փողոցից սկսած: Նրանց համար առաջին հերթին դուք եք ներկայացնում մեր պետությունը` Հայաստանի Հանրապետությունը, որ կարող է նրանց աչքում բարձրանալ կամ հակառակը` վարկաբեկվել հինգ րոպեում: Նման պատասխանատվությունը ծանր է, բայց պատվաբեր, և հենց այդ պատճառով մենք բարձր ենք գնահատում ձեր աշխատանքը և պատրաստ ենք ամենայն աջակցության:

Հարգելի՛ ոստիկաններ,

Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ` մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին քաջառողջություն, հաջողություններ ձեր ծառայության մեջ: Նոր Հայաստանի կերպարը ձևավորվում է բազմաթիվ բաղադրիչներից, որոնց մեջ ամենակարևորներից է նաև ոստիկանի կերպարը: Մաղթում եմ, որ այդ կերպարը համապատասխանի մեր հասարակության պահանջներին և իդեալներին: Մեր երկրի ներկան ու ապագան պայմանավորված են բազմաթիվ գործոններով, որոնցից յուրաքանչյուրն անկրկնելի և անփոխարինելի է: Այդ առանցքային գործոններից մեկը դուք եք, հարգելի՛ ոստիկաններ: Եվ ես մաղթում եմ ձեզ արժանի լինել ձեր բարձր կոչմանը:

Շնորհավորում եմ:



← Վերադառնալ