09
10, 2010

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել “Հայաստանի Հանրապետություն” օրաթերթի հիմնադրման 20-ամյա հոբելյանի առթիվ

Ուղերձում ասված է.

"Շնորհավորում եմ “Հայաստանի Հանրապետություն” օրաթերթի հիմնադրման 20-ամյա հոբելյանի առթիվ:

“Հայաստանի Հանրապետությունը”, լինելով մեր վերականգնված անկախ պետականության հասակակիցը, անցել է նույնքան դժվարություններով լի, բայց եւ պատվաբեր ճանապարհ, դարձել մեր նորօրյա պատմության տարեգիրն ու վկան:

Միշտ հավատարիմ իր առաքելությանը` երկու տասնամյակ շարունակ պարբերականը մեր հասարակության համակողմանի եւ լիարժեք իրազեկման գործում ունեցել է կարեւոր դերակատարում: Տեղեկատվության ստույգության եւ վստահելիության առումով թերթն իր բազմահազար ընթերցողների շրջանում արժանիորեն ձեռք է բերել հուսալի աղբյուրի համարում:

Կրկին շնորհավորելով “Հայաստանի Հանրապետության” խմբագրակազմին` մաղթում եմ ուժ եւ կորով, նորանոր հաջողություններ ու ստեղծագործական վերելքներ, որպեսզի այսուհետ եւս իր ընթերցողների հետ միասին կարողանա վայելել բազում հոբելյանական համարներ հրապարակելու բերկրանքը":



***


“Հայաստանի Հանրապետություն” օրաթերթի հիմնադրման 20-ամյա հոբելյանի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել լրագրության ոլորտում երկարամյա եւ արգասաբեր աշխատանքի, ցուցաբերած մասնագիտական բարձր կարողությունների համար "Հայաստանի Հանրապետություն" օրաթերթի լրագրող Անահիտ Գուրգենի Հայթայանին Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրելու մասին:

Հանրապետության ղեկավարի մեկ այլ հրամանագրով լրագրության ոլորտի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար "Հայաստանի Հանրապետություն" օրաթերթի պատասխանատու քարտուղար Սամվել Ստեփանի Սարգսյանին եւ "Հայաստանի Հանրապետություն" օրաթերթի լրագրող Պետրոս Խաչատուրի Սարուխանյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրողի պատվավոր կոչում:

← Վերադառնալ