03
10, 2010

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ:

Ուղերձում ասված է.

"Սիրելի՛ ուսուցիչներ,

Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա կապակցությամբ:

Այս օրը կոչված է մեծարելու նրանց, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով նախապատրաստում են Հայաստանի վաղվա օրը: Այդ գալիքը կլինի այնքան պայծառ, որքան բարձրակարգ, նվիրված ու ջանասեր կլինեն մեր ուսուցիչներն այսօր:

Հայաստանի հանրակրթության համակարգն այսօր ապրում է բարեփոխումների դժվարին ժամանակահատված, որ, վստահ եմ, տալու է իր դրական արդյունքները: Մենք հասնելու ենք կրթական համակարգի էական բարելավման: Այս առումով կրկնակի կարևորվում է ուսուցչի դերը, և բարձրանում նրա պատասխանատվությունը:

Ազգային հեռանկարի տեսանկյունից դժվար է գտնել ավելի բարդ, միաժամանակ ավելի պատվաբեր ու շնորհակալ գործ, քան աշակերտ կրթելու և հասարակության արժանապատիվ անդամ ձևավորելու առաքելությունն է:

Սիրելի՛ ուսուցիչներ,

Կրկին շնորհավորում եմ Ուսուցչի օրվա առթիվ և մաղթում հաջողություններ: Ձեր յուրաքանչյուր փոքր թվացող հաջողությունը դասասենյակում տասնամյակներ անց անդրադառնալու է որպես Հայաստանի քաղաքացու մեծ հաջողություն իր կյանքում և մասնագիտության մեջ":

← Վերադառնալ