21
09, 2010

ՀՀ անկախության 19-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սարգսյանը բազմաթիվ շնորհավորական ուղերձներ է ստացել

Հայաստանի Հանրապետության անկախության 19-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը բազմաթիվ շնորհավորական ուղերձներ է ստացել այլ պետությունների ղեկավարներից, հեղինակավոր միջազգային կազմակերպություններից, անհատ քաղաքացիներից:

Նախագահ Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը մասնավորապես, ասել է.

“Հարգելի Սերժ Ազատի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ: Հայաստան վերջերս կատարած այցի ընթացքում ես հերթական անգամ համոզվեցի, որ հայ-ռուսական բարեկամության եւ բարիդրացիության բազմադարյա ավանդույթները շարունակում են ամրապնդվել: Մեր քաղաքացիները հպարտանում են մեր ընդհանուր պատմության փառավոր էջերով, համատեղ հաջողություններով եւ հաղթանակներով: Դրա վառ օրինակը “Պատվո բլուր” հուշահամալիրի վերականգնումն էր, որի բացմանը մենք Ձեզ հետ միասին մասնակցեցինք: Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին` մեր զինվորների հիշատակին հոգատարությամբ վերաբերվելու համար:

Հայաստանը եւ Ռուսաստանը վստահության եւ համագործակցության հուսալի հիմքի վրա այսօր կառուցում են ռազմավարական գործընկերային հարաբերություններ, վարում են ակտիվ քաղաքական երկխոսություն, տարածաշրջանային եւ միջազգային ասպարեզում ավելի ու ավելի արդյունավետ են համակարգում իրենց քայլերը: Մենք հասել ենք տնտեսության` ներառյալ նորարարության, ինչպես նաեւ հումանիտար ոլորտներում համատեղ ծրագրերի առաջխաղացման գործում կարեւոր որոշումների կայացմանը:

Վստահ եմ, որ այդ պայմանավորվածությունների իրականացումը կծառայի երկկողմ կապերի հետագա ընդլայնմանը` ի շահ մեր երկրների քաղաքացիների, ի նպաստ Անդրկովկասում խաղաղության եւ կայունության:

Ձեզ ցանկանում եմ քաջառողջություն եւ նորանոր հաջողություններ, իսկ Հայաստանի ժողովրդին` խաղաղություն եւ բարգավաճում”:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շնորհավորական ուղերձում ասված է.

“Մեծարգո պարոն Նախագահ, Միացյալ Նահանգները միանում է Ձեզ եւ ամբողջ հայ ժողովրդին` նշելու Հայաստանի անկախության օրը` սեպտեմբերի 21-ը:

Այս առիթով մենք մեր գնահատանքն ու հարգանքն ենք հայտնում հայ ժողովրդի ոգու ու նվաճումների եւ աշխարհով մեկ ունեցած ձեռքբերումների վերաբերյալ: Միացյալ Նահանգները հպարտանում է մեր երկրների պատմական կապերով ու բարեկամությամբ եւ որպես պատիվ է ընդունում հայկական ծագումով ամերիկացիների բազմաթիվ ներդրումները մեր երկրում: Շնորհավորում եմ Ձեր ազգային տոնի առթիվ”:

Հայաստանի Հանրապետության անկախության 19-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել նաեւ Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավը, Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Մոհամեդ Հոսնի Մուբարաքը, Թուրքիայի Հանրապետության նախագահ Աբդուլլահ Գյուլը, Սերբիայի Հանրապետության նախագահ Բորիս Տադիչը, Շվեյցարիայի նախագահ Դորիս Լոյտարդը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ուկրաինայի Հանրապետության նախագահ Վիկտոր Յանուկովիչը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 19-րդ տարեդարձի առթիվ շարունակում է շնորհավորանքներ ստանալ:

← Վերադառնալ