01
05, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա կապակցությամբ:

Միջազգայնորեն նշվող այս տոնը կոչված է մեծարելու արդար աշխատանքն ու աշխատավորին, նպաստելու աշխատավորների իրավունքների պաշտպանությանը:

Սրանք հարցեր են, որոնք ուղղակիորեն շաղկապված են երկրի տնտեսական կյանքի հետ: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն իր դրսևորումներն ունեցավ նաև Հայաստանում: ՀՀ իշխանությունները կատարեցին և շարունակում են կատարել քայլեր, որոնք ուղղված են հնարավորինս նվազագույնի հասցնելու ճգնաժամի բացասական հետևանքները և խրախուսելու արագ վերականգնումը: Այս ընթացքում մենք մեծ ուշադրությամբ ենք հետևել հատկապես սոցիալական ոլորտին և արել ենք առավելագույնը աշխատատեղերի պահպանման ուղղությամբ: Պետությունը հստակորեն կատարել է իր պարտականությունները սոցիալական բոլոր տեսակի վճարների ու աշխատավարձերի առումով:

Այս տարվա առաջին ամիսների տնտեսական ցուցանիշներն ավելի բարձր են, քան մեր ակնկալիքներն էին: Դա նշանակում է, որ տնտեսական աճն իր հետ բերելու է նոր աշխատատեղեր և կենսամակարդակի բարձրացում:

Կրկին շնորհավորում եմ մայիսմեկյան տոնի առթիվ` այն համոզմունքով, որ մեր աշխատասեր ժողովուրդը շարունակելու է հայրենիքի կառուցման ու ստեղծագործ արարման իր ուղին:

← Վերադառնալ