10
02, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Զորի Բալայանի 75-ամյակի առթիվ

Ուղերձում ասված է.

“Հարգելի պարոն Բալայան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ձեր անունը քաջ հայտնի է մեր հասարակությանը` որպես բացառիկ սկզբունքային հրապարակախոսի, ում վարպետ ու բեղուն գրիչը տասնամյակներ շարունակ անդրադարձել է մեր ժողովրդի ու երկրի համար կարեւորագույն նշանակություն ունեցող խնդիրների: Դուք ոչ միայն հրատապ խնդիրներ եք արծարծել, այլեւ հաճախ առաջարկել դրանց լուծումները:

Ղարաբաղի ազատագրության համար պայքարը, որի ակունքներում էիք Դուք, առանձնահատուկ շրջափուլ էր ոչ միայն մեր ողջ ժողովրդի, այլեւ անձամբ Ձեզ համար, որ նշանավորվեց Ձեր անխոնջ գործունեությամբ: Դուք եղաք առանցքային դերակատար գաղափարախոսական ու քարոզչական պայքարի նոր ճակատում: Այդ առթիվ Ձեր հրապարակումներն Արցախյան ազատամարտի յուրահատուկ տարեգրություն են, որոնք կարող են վավերական սկզբնաղբյուր ծառայել ապագա պատմաբանների համար:

Ինձ համար շատ թանկ են ու գնահատելի հասարակական եռանդուն գործչի, իր ժողովրդի հոգսերով ու ցավերով ապրող մտավորականի Ձեր նկարագիրը, ինչպես նաեւ այն նվիրումն ու անսպառ էներգիան, որ Դուք դրսեւորեցիք հատկապես “Կիլիկիա” եւ “Արմենիա” նավերով նավարկությունների ողջ ընթացքում:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն եւ նոր գործեր, որոնք, համոզված եմ, արդյունք են լինելու Ձեր անհանգիստ խառնվածքի, տաղանդավոր գրչի եւ պրպտուն մտքի”:

← Վերադառնալ