04
10, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը ուսուցչի օրվա կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ուսուցչի օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

"Սիրելի ուսուցիչներ,

Շնորհավորում եմ ձեզ ուսուցչի օրվա կապակցությամբ:

Մեր երկրում ավանդաբար ուսուցչությունը համարվել է առանձնահատուկ կոչում եւ առաքելություն` միշտ արժանանալով բարձր գնահատանքի: Պատահական չէ, որ ականավոր արվեստագետներին ու գիտնականներին մեր ազգը միշտ մեծարել է` նրանց կոչելով "վարպետ" եւ "ուսուցիչ":

Ներկա Հայաստանում, որտեղ մենք հավակնում ենք ունենալ զարգացած, կիրթ եւ ժամանակակից հասարակություն, իրենց գործի նվիրյալ ու բանիմաց ուսուցիչների դերը բազմապատիկ կարեւորվում է: Առաջին հերթին ձեզանից է կախված վաղվա մեր հասարակության գիտակրթական ու բարոյական նկարագիրը:

Կրկին շնորհավորելով այս գեղեցիկ օրվա առթիվ` մաղթում եմ ձեզ անսպառ եռանդ ու այնպիսի ուշիմ աշակերտներ, ովքեր վաղն իրենց մեծ գործերով դառնալու են ոչ միայն իրենց ծնողների եւ ուսուցիչների, այլեւ բոլորիս հպարտությունը":

← Վերադառնալ