21
09, 2009

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը Անկախության տոնի առթիվ

album picture
Վեհափա՛ ռ Տեր,

Տիկնա՛ յք և պարոնա՛ յք,

Սիրելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի անկախության 18-րդ տարեդարձի կապակցությամբ:

Սա տոն է, որի փափագն ու զգացողությունը իրենց հոգում կրել են հայ ժողովրդի բոլոր սերունդները: Ես ընդգծում եմ` բոլոր սերունդներն` առանց բացառության:

Անկախ այն բանից` ճակատամարտն Արածանիի ափին էր, Ավարայրի, թե Ձիրավի դաշտավայրերում, Կիլիկիայի բերդերի վրա, Վանի պարիսպների տակ, Սարդարապատում, թե Շուշիում, մեզ առաջնորդել է նույն տեսիլքը:

Անկախ այն բանից` վանական մենաստանում ձեռագիր ենք ծաղկել, թե մաշտոցյան տառեր ձուլելով` գիրք ու հանդես հրատարակել Վիեննայից մինչև Կալկաթա, Էջմիածնից մինչև Վենետիկ, մեզ առաջնորդել է նույն տեսիլքը:

Անկախ այն բանից` հայը հաջողության հասած վաճառական էր, ում սեփական նավատորմը աշխարհի օվկիանոսներն էր չափում, թե սովահար ու նվաստացված տարագիր, ում ողջակիզում էին Դեր Զորի անապատում, նրան առաջնորդում էր նույն տեսիլքը:

Անկախ այն բանից, թե աշխարհի քարտեզի վրա մենք որքան տարածք ենք զբաղեցրել, կամ թե ընդհանրապես ջնջված ենք եղել այդ քարտեզից, միևնույն է, մեզ առաջնորդել է նույն տեսիլքը` Անկախ Հայաստանի տեսիլքը, որ մարմնավորում է ազատությունը, մարդկային ու ազգային արժանապատվությունը և վերջապես` բարին ու գեղեցիկը արարելու իրավունքն ու պատմական հնարավորությունը:

Սրանով է մեզ համար այս տոնը մեծ, թանկ ու նվիրական:

Սիրելի՛ հայրենակիցներ,

18 տարի առաջ այս օրը համաժողովրդական հանրաքվեի ժամանակ միլիոնավոր ձեռքեր ուղղվեցին դեպի քվեատուփերը`"Այո" ասելու համար: Հետո այդ նույն ձեռքերը բռնեցին միմյանց, և ձեռք ձեռքի տված մենք անցանք մեծ ու փոքր փորձությունների միջով, դիմագրավեցինք և շարունակում ենք դիմագրավել մեծ ու փոքր մարտահրավերների: Բայց ամենակարևոր ընտրությունն արդեն արված է: Անկախությունն այլևս մեր բախտն է ու ճակատագիրը, մեր բեռն է ու պատասխանատվությունը, մեր զենքն է ու գործիքը, մեր ուժն է և իրավունքը` այսուհետ անշրջելի և հավերժական:

Ի՞նչ է ասում միջազգային քաղաքական ասպարեզ վերադարձած Հայաստանը աշխարհին: Պարզ ու հասկանալի բաներ. խաղաղություն, կայունություն, բարիդրացիական հարաբերություններ, տնտեսական և այլ կարգի բազմակողմանի համագործակցություն բոլոր ուղղություններով: Մենք բավարար համբերություն և իմաստնություն ենք ունեցել դա ասելու նույնիսկ նրանց, ովքեր տարիներ շարունակ փորձում էին և հիմա էլ փորձում են մեր առաջընթացը կասեցնել ամեն տեսակ շրջափակումներով և հայատյաց քարոզչությամբ:

Ի՞նչ է ասում ցեղասպանության դժոխքից հարություն առած Հայաստանն իր աշխարհասփյուռ զավակներին: Պարզ ու հասկանալի բաներ. միասնություն, հավաքական կամք ու ջանք, հայության շահերն ու նպատակները պետականորեն հետապնդելու և պաշտպանելու վճռականություն, համայն հայության հայրենիքի նկատմամբ որդիական սեր ու նվիրում, մեր երազած Հայաստանը համատեղ ճիգերով բարձրացնելու երջանիկ հնարավորություն: Եվ ասում է. "Բարի վերադարձ հայրենի տուն":

Ի՞նչ է ասում ամենատարբեր բռնապետությունների, խալիֆայությունների ու կայսրությունների ճիրաններից փրկված Հայաստանն իր բազմազգ քաղաքացիներին: Պարզ ու հասկանալի բաներ. ազատություն, ժողովրդավարություն, իրավական պետություն, քաղաքացիական հասարակություն, եվրոպական արժեքային համակարգ:

Նաև ասում է, որ տնտեսական և այլ կարգի ճգնաժամերը ժամանակավոր են, իսկ հայրենիքը` հարատև: Հայաստանի աշխատունակ և աշխատասեր քաղաքացիները կարող են և հաղթահարելու են մեր ճանապարհին հայտնված նաև այս խոչընդոտները: Երախտագիտությամբ ընդունելով հանդերձ այն աջակցությունը, որ այսօր ցուցաբերվում է Հայաստանին, մեր դարավոր փորձը հուշում է, որ սեփական աշխատանքն է ամենայն բարիքի հիմքը:

Ի՞նչ է ասում Հայաստանն իրեն պատերազմով սպառնացողներին: Պարզ ու հասկանալի բաներ. մենք սրեր ենք խաչել այնպիսի մեծ ու հզոր ազգերի հետ, որոնք ժամանակին աշխարհի բախտն են որոշել, բայց այսօր հիշատակվում են միայն պատմության դասագրքերում: Եվ ասում է. "Մենք պատերազմ չենք ուզում, բայց պատրաստ ենք հաղթելու"` միաժամանակ մատնացույց անելով Արցախի խնդրի խաղաղ, քաղաքական կարգավորման հնարավորությունը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս մեծ տոնի առթիվ: Այլևս կայացած, ամրացած ու առնականացած հայոց պետությունը իրողություն է:

Նա հավատարիմ և խոսքի տեր դաշնակից է իր դաշնակիցների համար,

նա հուսալի և խոսքի տեր գործընկեր է գործընկերների համար,

նա հիմնավոր փաստարկներով բանավիճող ընդդիմախոս է ընդդիմախոսների համար:

Բայց ամենից առաջ նա պայծառ արևով ողողված ու վառ մարդկանցով լի երկիր է իր բարեկամների և հյուրերի համար:

Նա կա, լինելու է հավերժ և հզորանալու է այնքան, որ դառնա մարմնացումը տեսիլքի. այն տեսիլքի, որ ունեցել են մեր բոլոր մեծերը` Խորենացուց մինչև Թումանյան, Կոմիտասից մինչև Արամ Խաչատրյան:

Կեցցե՛ համազգային կամքով արտահայտված ու նվաճված անկախությունը:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Փա՛ռք հայ ժողովրդին:

Շնորհակալություն:

← Վերադառնալ