02
09, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Լեռնային Ղարաբաղի անկախության տոնի առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի անկախության տոնի առթիվ:

Անցած տասնութ տարիները վերահաստատեցին 1991 թվականին ընդունված պատմական որոշման աներկբայությունը: Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետություն է իր կառույցներով, բանակով եւ որ ամենակարեւորն է` սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինող քաղաքացիներով:

Այսօր ի դեմս Արցախի` մենք, ինչպես նաեւ ողջ միջազգային հանրությունը, գործ ունենք ազատության, ինքիշխանության եւ ժողովրդավարության իդեալները կյանքի կոչող արդիական հանրապետության հետ, որ ի հեճուկս բոլոր օբյեկտիվ եւ արհեստական դժվարությունների, ծանր փորձությունների, առաջընթաց է ապրում, զարգացնում իր տնտեսությունն ու մշակույթը, պաշտպանում խաղաղությունը:

Հայաստանի Հանրապետությունը եւ համայն հայությունը բոլոր այս տարիներին եղել եւ միշտ մնալու են Արցախի հուսալի թիկունքը: Հավաստիացնում եմ բոլոր արցախցիներին եւ ողջ հայությանը, որ Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման որեւէ լուծում լինելու է առաջին հերթին Ղարաբաղի ժողովրդի համաձայնությամբ եւ ազատ կամարտահայտմամբ:

Սիրելի՛ արցախցիներ,

Այս տոնի համար մենք առաջին հերթին պարտական ենք նրանց, ովքեր անմահացան` իրենց կյանքը դնելով հայրենիքի եւ ազատության զոհասեղանին: Գլուխ խոնարհելով նրանց շիրիմների առջեւ` կրկին շնորհավորում եմ ձեզ այս պայծառ տոնի կապակցությամբ, մաղթում եմ բարօրություն, երջանկություն եւ ոգու արիություն:

← Վերադառնալ