01
09, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ

Հարգելի՛ ուսուցիչներ եւ ծնողներ,

Սիրելի՛ աշակերտներ,

Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա կապակցությամբ:

"Գիտելիքը հզոր զենք է" արտահայտությունը հատկապես արդիական է ներկա աշխարհում: Որքան կրթված է հասարակությունը, այնքան ավելի մեծ հնարավորություններ ունի կազմակեպելու իր կյանքը, ապահովելու իր բարեկեցությունը, պահպանելու եւ զարգացնելու իր մշակույթը:

Այս հանրահայտ ճշմարտությունները Հայաստանի իշխանությունների համար գործողությունների ծրագրի հիմք են: Մեր ուշադրության կենտրոնում է կրթական համակարգի խնդիրներն ու ոլորտի բարեփոխումների ընթացքը:

Շնորհավորում եմ հատկապես առաջին դասարանցիներին, ովքեր առաջին անգամ ոտք են դնում դպրոցական շեմից` բացահայտելու մի նոր ու անսահման աշխարհ`գրքերի աշխարհը, որ "տիեզերք է անեզր":

Հաջողություն եմ մաղթում ուսուցիչներին ու աշակերտներին նոր ուսումնական տարում: Թող այն լինի արդյունավետ, քանզի գիտելիքի ձեռքբերման յուրաքանչյուր տարին եւ նույնիսկ օրը կարեւոր են: Դրանցով է պայմանավորված վաղվա Հայաստանի հզորությունն ու նկարագիրը:

← Վերադառնալ