Շնորհավորական
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կուրմանբեկ Բակիեւին
Ղրղզստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կուրմանբեկ Բակիեւին:
Ուղերձում ասված է.
“Հարգարժան Կուրմանբեկ Սալիի, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները բարեկամական Ղրղզստանի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ուզում եմ համոզմունք հայտնել, որ Դուք պաշտոնավարման երկրորդ ժամկետում կկարողանաք շարունակել Ձեր բոլոր ծրագրերի իրականացումը` ի բարօրություն եւ բարգավաճում ղրղըզ ժողովրդի:
Ղրղզստանի հետ մեզ կապում են բարեկամության եւ փոխըմբռնման ջերմ հարաբերությունները, մեր ժողովուրդների` միմյանց հանդեպ անկեղծ համակրանքն ու բարյացկամությունը: Հենց այդ պատճառով է, որ առանձնակի հաճույքով եմ սպասում իմ առաջիկա այցին եւ Իսսիկ-Կուլի ափին կայանալիք հանդիպմանը:
Վստահ եմ, որ մենք հետագայում էլ կշարունակենք մեր միջպետական հարաբերությունները պահել բարձր մակարդակի վրա ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով եւ հետեւողականորեն կզարգացնենք ու կխորացնենք մեր համագործակցությունը` ի շահ Հայաստանի եւ Ղրղզստանի ժողովուրդների:
Հարգելի Կուրմանբեկ Սալիի,
Թույլ տվեք այս պատասխանատու պաշտոնում Ձեզ մաղթել ամուր առողջություն եւ հետագա հաջողություններ, իսկ Ղրղզստանի բարեկամ ժողովրդին` խաղաղություն ու բարգավաճում”: